Հայ գիտնականի հայտնաբերած տարրը պաշտոնապես ընդգրկվեց Մենդելեևի աղյուսակում
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը այսօր պաշտոնապես հայտարարել է Մենդելեևի աղյուսակում նոր չորս տարրեր ընդգրկելու մասին: 113-ը ստացել է նիհոնիում անվանումը, 115-ը՝ մոսկովիում, 117-ը՝ թենեսին, 118-ը՝ օգանեսոն:
Օգանեսոնը կոչվել է ի պատիվ հայ գիտնական Յուրի Օգաննիսյանի:
«Նրա բազմաթիվ ձեռքբերումները ներառում են գերծանր տարրերի հայտնաբերում, որոնք նպաստել են միջուկային ֆիզիկայի նշանակալի առաջընթացին»,-ասված է միության էջում:
Օգանիսյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս։ Նրա աշխատանքները հիմնականում փորձարարական միջուկային ֆիզիկայից են, նաև՝ գերծանր քիմիական տարրերի սինթեզումից։
Յուրի Ցոլակի Օգաննիսյանը ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Նա նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր: Նա մեծ ավանդ ունի ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»:
Հարակից հրապարակումներ`
- Մենդելեևի պարբերական աղյուսակի չորս նոր տարրերից մեկը կանվանակոչվի ի պատիվ հայազգի գիտնականի
- Մենդելեևի աղյուսակը լրացվել է նոր քիմիական տարրերով