Հայաստանում նոր օրենքով առաջարկում են վերացնել գիտական աստիճաններից մեկը. Պատմաբանի մտավախությունները
Վերջին շրջանում ակտիվ քննարկման դրված Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը հարուցել է Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի վրդովմունքը:
Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը քննարկել է օրինագիծը ու գրություն ուղարկել նախագիծը մշակած կառավարությանը, մասնավորապես Կրթության, գիտության նախարարությանը:
Բանն այն է, որ օրինագծով, որը նեղ շրջանակներում է քննարկման դրված, առաջարկվում է գիտական աստիճանի շնորհման երկաստիճան համակարգը՝ թեկնածու, դոկտոր, դարձնել մեկ աստիճան համակարգ:
«Հաշվի առնելով գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաջողված փորձը, տասնամյակներ շարունակ նրա արդարացված ու արդյունավետ լինելու հանգամանքը, պատմության ինտիտուտի գիտական խորհուրդն իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում առաջ քաշված այն դրույթին, որով նախատեսվում է վերացնել գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը և թողնել մեկ աստիճանը:
Այդ դեպքում անշրջելի կորուստներ կկրի գիտությունը, մասնավորապես հայագիտությունը: Հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը որ ԵԱՏՄ երկրներում նույնպես շարունակում է գործել գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը: Ուստի ՀՀ-ում միաստիճան համակարգի ներդրումը կառաջացնի տարբեր խնդիրներ, այդ թվում՝ վկայականների փոխճանաչման հարցում: Հավելենք, որ երկաստիճան համակարգը գործում է նաև եվրոպայի մի շարք առաջատար երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում», -ԿԳՆ-ին ուղղված գրության մեջ նշել է Պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը:
Պատմության ինստիտուտ ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Մեքոնյանը Panorama.am-ին ներկայացրեց, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը «կարևոր բարեփոխումներ» է իրականացրել գիտական աստիճաններ շնորհելու հարցում. այժմ գիտական աստիճան շնորհող խորհուրդը 9 մասնագետից է բաղկացած, իսկ նախկինում նրանց թիվը հասնում էր 21-ի:
«Դա շատ կարևոր փոփոխություն է. բարդացվել է ընթացակարգը, և նեղ մասնագիտական հարցեր քննարկելով գիտական աստիճաններ պետք է շնորհվեն, որպեսզի մեզանում չէժանացվի գիտական աստիճանը, որ այդ միտումը գոյություն ուներ», -ասաց պարոն Մելքոնյանը:
Առաջարկվող տարբերակի հիմքում, ըստ պատմական գիտությունների դոկտորի, դրված է ամերիկյան մոդելը, որտեղ շնորհվում է միայն դոկտոր կոչումը, սակայն ԱՄՆ-ում դժվարին ճանապարհ են անցնում գիտական այդ աստիճանը ստանալու համար: Այդուհանդերձ, Մելքոնյանը, ենթատեքստ տեսնում է առաջարկվող նախագծում. «Չինովնիկական մոտեցում է ցուցաբերվել, որովհետև պաշտոնի վրա գտնվող գիտության շատ թեկնածուներ, որոնք ստացել են գիտական մեկ աստիճան, մեխանիկորեն կարող են դառնալ դոկտոր և արդյունքում պատկերացրեք՝ ինչ կարող է լինել»:
Նրա խոսքով, օրինագծում նշվում է, որ մեխանիզմներ են մշակվում, որպեսզի գիտության թեկնածուն հենց այնպես դոկտոր չդառնա, բայց չկան երաշխիքներ, չեն նշվում մեխանիզմները:
«Թե ինչ մեխանիզմներ պետք է մշակվեն, չեմ կարողանում հասկանալ: Մեխանիզմը աստիճանաշնորհման կարգն է: Գիտական աստիճան գոյություն ունի, հաջորդը ստանալու համար դու պիտի այսքան քանակությամբ մենագրություն ունենաս, այսքան գիտական թեզերի ղեկավար լինես, այսքան հոդվածներ ունենաս, գիտաժողովների մասնակցած լինես, հետո նոր հասնես դոկտորի աստիճանի: Հիմա ի՞նչ պետք է մշակեն, Ես չեմ կարողանում մեխանիզմը պատկերացնել, մեխանիզմը դիսերտացիայի ատենախոսության պաշտպանության տարբերակն է, որը բնականաբար եթե արանքից դուրս եկավ, ձևը կգտնի, որ հիմա էլ փաստաթղթային տարբերակով դառնա գիտության դոկտոր», շարունակեց դոկտորը:
Հայաստանում, նրա տվյալներով, այժմ 6-10000 գիտության թեկնածու կա և 480-500 դոկտոր, սակայն օրինագծի ընդունման դեպքում դոկտորների թիրվը կհասնի 10 հազարի ու կանցնի:
«Գիտության դոկտորը պետք է ամբողջ մի ոլորտի հիմնադիր դառնա, ոլորտ պետք է հիմնադրի մարդը, ծանրակշիռ գիտնական պետք է լինի մարդը», -նկատեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ավագ գիտնականը կողմ է երիտասարդ գիտնականների՝ Հայաստանից գնալուն
- Հայաստանը պետք է ամենյան ուշադրությամբ գնահատի մեր երկրի գիտական պոտենցիալը. ԿԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան