«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարը անդրադարձավ «հաց բերող» Արթուր Սարգսյանի առաջադրմանը
2017 թվականի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումները ժամանակհատվածը կընդլայնվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:
«2017 թվականի միջոցառումները տևելու են ոչ թե երեք-չորս օր, այլ կսկսվեն ապրիլի 24-ին և կավարտվեն մայիսի 28-ին: «Ավրորա» մրցանակաբաշխության հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին, իսկ հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երևանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Դափնեկրին ու հավակնորդներին կորոշի ընտրող հանձնաժողովը՝ 66 երկրից ներկայացված 558 առաջադրումներից»,-տեղեկացրեց նախաձեռնության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ընտրված ամսաթվերում շատ կարևոր սիմվոլիզմ կա, ճանապարհ՝ մահից մինչև կյանք, հուսահատությունից մինչև հույս, սպանվածությունից մինչև հաղթանակ:
Արման Ջիլավյանը մանրամասնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հինգ կարևոր ծրագրերը, որոնք առանձին-առանձին իրենց մեջ նպատակներ ու արդյուքներ ունեն:
«Նախաձեռնության անդրանիկ ծրագիրը 100 LIVES նախագիծն էր, որով փորձեցինք Հայոց ցեղասպանությանն ու ցեղասպանության պատմությանը նայել փրկվածների ու փրկողների տեսակետից: Այս նախագծի իմաստն այն էր, որպեսզի գտնեինք և աշխարհի վեց լեզուներով ներկայացնեինք այն պատմությունները, թե 101 տարի առաջ ով և ինչպես փրկեց հայերին և այդ փրկված հայերն ինչ տվեցին Հայաստանին, սփյուռքին ու աշխարհին: Մոտ 500 պատմություն ենք գտել, ներկայացրել աշխահին՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով: Ծրագրի անդրանիկ մասը կարելի է ասել ավարտված է, բայց չեն բացառվում, որ կարող են գտնվել նոր պատմություններ»:
Նախաձեռնության մյուս ծրագիրը «Ավրորա» մրցանակն է, որն անց է կացվելու ամեն տարի:
Արման Ջիլավյանը նշեց, որ այս տարի ևս լինելու է դափնեկրին տրվող մեկ միլիոն դոլարի դրամաշնորհը, որը միանգամից ուղղում է այլ բարեգործական կազմակերպություններին: Պահպանվելու է նաև այն 100 հազար դոլարը, որն անձամբ ստանում է դափնեկիրն՝ իր աշխատանքը շարունակելու համար:
Նախաձեռնության ծրագրային պրոֆեսիոնալ մասը պատկանում է Aurora Dialogues քննարկումներին, որին մասնակցում են միջազգային մարդասիրական գործիչներ:
«Մյուս կարևորագույն մեծ ծրագիրը երախտագիտության կրթաթոշակներն են, որոնք պետք է շարունակվեն դեռ յոթ տարի: Ծրագրի ընդհանուր արժեքը յոթ միլիոն դոլար է: Այդ կրթաթոշակները տրվում են հայ ժողովրդի անունից՝ ուսանողներին, երիտասարդներին Միջին Արևելքի և արաբական երկրներից՝ ի շնորհակալություն նրա, որ այդ ժողովուրդներն առաջինն էին, որ օգնության ձեռք մեկնեցին հայերի: Ծրագրին այսօր առավել կարևոր է այդ տարածաշրջանի ժողովրդի համար: Կրթաթոշակներով նրանք կարող են ուսանել մեր երկրում՝ Դիլիջանի միջազգային դպրոցում ու Ամերիկյան համալսարանում: Հուսով ենք կրթական հաստատությունների ցուցակը շուտով կընդլայնվի: Այս ծրագրից անպայման կօգտվեն նաև սիրիահայ երիտասարդները»,-ասաց Ջիլավյանը:
Հաջորդը «Ավրորա» մարդասիրական ցուցիչ ծրագիրն է. «Աշխարհում տարբեր ինդեքսներ կան, սակայն դրանց մեջ չկար որևէ հումանիտար ցուցիչ: Մեր առաջին տարվա հետազոտությունները ցույց տվեցին, որ աշխարհն իսկապես լավ չի ընկալում և տեղյակ չէ այսօրվա գլոբալ հումանիտար խնդրիներից: Կարևոր է այս ցուցիչն այն առումով, որ առկա մարդասիրական խնդիրներն ավելի լուրջ են ընկալվեն, դրանք չանհանգստացնեն մարդկանց միայն սեփական մաշկի վրա զգալու ժամանակ»:
Անդրադառնալով նախաձեռնության ֆինանսական կողմին՝ ծրագրերի ղեկավարն ասաց, որ իրենց նախորդ կազմակերպչական տարին փակել են 23 մլն դոլար ծախսով, որի մոտավորապես 70 տոկոսը տրամադրել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը. «Ուզում եմ հայտնել, որ այս նախաձեռնությանն այլ բարերարներ էլ են միացել՝ Սամվել Կարապետյան, Նուբար Աֆեյանը, Վլադիմիր Ավետիսյանին: Մոտ 60 հոգի միացել են ծրագրին և աջակցել են, ով որքան գումարով որ կարող է՝ կլինի տասը թե հարյուր դոլար: Հուսով ենք՝այս նախաձեռնությունը կդառնա համահայկական ու համաշխարհային, և ինչպես շատ լուսաբանումների մեջ էին նշում, այն կդառնա «հայկական Նոբել»:
Լրագրողներն Արման Ջիլավյանից հետաքրքրվեցին՝ թե ապրիլին սպասվող ընտրությունները որևէ ձևով կարող են անդրադառնալ նախաձեռնության միջոցառումների վրա, որի ի պատասխան նա նշեց. «Ամեն տարի կարող է ինչ-որ մի բան կատարվել, յուրքանչյուրի պարտավորությունն է կատարել իր գործը»:
Հարցին, թե «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, օսկարակիր դերասան Ջորջ Քլունին միջոցառումների շրջանակում կրկին կայցելի արդյոք Հայաստան, նա պատասխանեց, որ Քլունին ուզում է գալ. «Շատ հեշտ է նրա հետ աշխատել: Մեծ հաճույքով, հետաքրքրությամբ Քլունին շրջում էր Հայաստանում, հետաքրքրվում էր մարդկանցով: Հուսով ենք, որ ոչինչ չի խանգարելու նրա գալուն»:
Նախաձեռնության ղեկավարն անդրադարձավ նաև «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող «հաց բերող» Արթուր Սարգսյանի՝ ընկերների կողմից մրցանակաբաշխությանը առաջադրվելուն. «Բոլոր առաջադրված անձինք դիտարկվում են և մրցանակի հավակնորդ դառնալը ոչ ոքի մոտ չի բացառվում: Նվիրվածություն, խիզախություն, ազդեցություն. այս երեք չափանիշներն են, որով ընտրվում են հավակնորդներն ու դափնեկիրը»:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա» մրցանակի անկախ փորձագետներին է միացել Չուլպան Խամատովան
- «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի ընթացքում ստացվել է 558 հայտ
- «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Մերձավոր Արևելքի հիմնադրամի 2016թ. Երախտագիտության կրթաթոշակներ՝ 10 ուսանողների
- Շառլ Ազնավուրը կոչ է անում առաջադրել մերօրյա հերոսների թեկնածությունը «Ավրորա» մրցանակին
- Վերնիսաժում արագորեն վաճառվեցին «հաց բերող» Արթուր Սարգսյանի ձեռքի գործերը
- «Ամոթ ա, հաց բերողին չեն ձերբակալում». Արթուր Սարգսյանի ընկերներ
- Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել «Ավրորա» մրցանակի թեկնածուի
- «Ավրորա»-ի դափնեկիր. Որևէ բան չի կարող հաղթել սիրուն... ոչինչ
- «Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհվեց 30. 000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին