2018-ին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա. ՀԺ
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հրապարակել է «Գազպրոմ Արմենիայի» առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագիրը, որից ակնհայտ է դառնում, որ 2018 թվականին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Խնդիրն այն է, որ դեռ անցած տարի հաստատված եռամսյա ծրագրով 2017-ի համար «Գազպրոմ Արմենիան» նախատեսում էր 13.6 մլրդ դրամի ներդրում և այդ գումարը ներառված էր սակագնի հաշվարկում։
Սակայն այդ ընկերության նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո որոշվեց, որ գազի սակագինը Հայաստանում պետք է նվազեցվի և նոր ծրագրով 2017-ի համար նախատեսվել է արդեն 3.5 միլիարդ դրամի ներդրում։ Ներդրումների այսպիսի կտրուկ նվազեցումը պայմանավորված էր հենց սակագնի նվազեցման անհրաժեշտությամբ։ Սակայն 2018-ի համար կրկին նախատեսվել է մեծ ներդրում՝ մոտ 18 միլիորդ դրամ, ինչը կրկին պետք է ներառվի սակագնի մեջ, և դա հանգեցնելու է սակագնի բարձրացման։
Նշենք, որ ՀԾԿՀ-ն սակագինը որոշելիս պետք է նախ հաստատի ներդրումային ծրագիրը։ Այս անգամ, սակայն, հանձնաժողովը նվազեցրել է սակագինը, ապա հրապարակել ներդրումային ծրագիրը․ Այլ կերպ ասած, ծրագիրը համապատասխանեցվել է սակագնին, այնինչ պետք է տեղի ունենար հակառակը։ Սա ևս մի անգամ ապացուցում է, որ սակագնի նվազեցումը քաղաքական որոշում էր»,-հավելել է թերթը։