«Armenia» ավիաընկերությունն ահազանգում է անարդար մրցակցության մասին
Մենք մի շարք քննարկումներ ենք իրականացրել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի հայկական և ռուսական ավիաընկերությունների միջև լինի հավասար ու արդար մրցակցություն: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Armenia» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլին:
«Ես հասկանում եմ, որ ուղևորները ցանկանում են ձեռք բերել ցածր գնով տոմսեր, սակայն երբ տոմսի գինն ավելի ցածր է, քան ինքնարժեքն է, դա խոսում է դեմպինգի մասին»,-ասաց նա:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, Երևան-Մոսկվա-Երևան չվերթի իրականացումը ռուսական ընկերությունների համար 10-15 հազար դոլարով էժան է, քան հայկական ընկերությունների համար:
«Եթե ռուսական ընկերության համար վառելիքն արժե 200 դոլար, ապա հայկական ընկերության համար մեկ տոննան 600 դոլար է: Գնալ գալու համար անհրաժեշտ է 15 տոննա: Եթե ռուսական ընկերության համար նավիգացիան արժե 200 դոլար, ապա մեզ մոտ` 3 հազար: Այս անարդար մրցակցության պայմաններում մեզ համար բավականին դժվար է»,-ասաց ընկերության հիմնադիրը:
Նա հայտարարեց, որ այդ պատճառով դադարեցնում են դեպի Մոսկվա չվերթները, դեկտեմբերին իրականացվելիք չվերթներից հետո ավիաընկերությունը կհրաժարվի այդ ուղղությունից:
Ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանիսյանն էլ հայտնեց, որ հաջորդ տարի նախատեսում են թռիչքներ ավելացնել եվրոպական ուղղություններով:
«Մենք մրցակցությունից չենք վախենում, միայն թե այդ մրցակցությունն արդար լինի: Հայաստանում այս պահին անարդար ու անհավասար մրցակցություն է, ես կասեի կրիմինալ մրցակցություն: Պոբեդա ավիաընկերության դեպքում էլ նույն է»,-ասաց նա:
Նրա խոսքով, բյուջետային այդ ավիաընկերությունը ցանկանում է շուկայիս դուրս թողնել մյուս ընկերություններին, այդ պատճառով էլ ինքնարժեքից ցածր գին է սահմանել:
«Երբ շուկայում մենակ մնա, տոմսերը կսկի վաճառել 250 դոլարով: Բայց այդ դեպքում ոչինչ անել չիլինի: Նույնը կարելի է ասել «Ուրալյան ավիաուղիներ»-ի մասին»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Պոբեդա»-ն միայն առաջին երեք թռիչքներն է Գյումրիից Մոսկվա իրականացնելու 7 հազար դրամով. Հժ
- «Պոբեդա»-ն սկսել է Մոսկվա-Գյումրի տոմսերի վաճառքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան