Գյուղնախարար. Անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել տեղական գյուղմթերքի մրցունակության բարձրացմանը, որպեսզի ներկրվողը չհայտնվի շահեկան վիճակում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը, ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից հաղորդում են, որ խորհրդակցության մասնակիցները քննարկել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր:
Պողոս Գևորգյանի խոսքով՝ այսօր հանրապետությունում իրացվում է նաև Թուրքիայից ներկրված լոլիկ և վարունգ, որի մասին իրենք ահազանգել են ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Ըստ Գևորգյանի՝ նախարարություն դիմելուց հետո ներկրումները դադարել են, մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված լոլիկ այլևս չկա, առկա է պահեստավորված լոլիկ և վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակներով շուկայահանվում է:
Նախարար Առաքելյանը նշել է, որ ահազանգը ստանալուց հետո խնդիրը մշտապես գտնվել է պատկան մարմիների ուշադրության կենտրոնում, սակայն հարցին արմատական լուծումներ տալու համար միայն պետական մարմինների աշխատանքը բավարար չէ, և շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն առաջարկել է ստեղծել քաղաքացիական նախաձեռնության խումբ ասոցիացիայի անդամներից և գրավոր դիմում ներկայացնել, ինչն էլ հիմք կհանդիսանա ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե դիմելու և տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգումներ իրականացնելու համար:
Նախարարը հավելել է, որ ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունն աջակցություն կցուցաբերի ջերմոցատերերին այդ հարցում:
«Եթե ցանկանում եք, որ խնդիրը հիմնովին լուծվի, պետք է ներդրում ունենաք այդ գործընթացի մեջ: Անհրաժեշտ է դիտարկել նաև հարցի տնտեսական կողմը և լուրջ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցին, որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Միգուցե նախընտրելի է դիվերսիֆիկացնել արտադրանքի տեսականին: Ներկայացրեք առաջարկներ, մենք մշտապես պատրաստ ենք և բաց ցանկացած ձևաչափով քննարկումների համար»,-նշել է նախարար Առաքելյանը:
Հանդիպման ավարտին ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նաև դիմել է Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահին՝ կոչով հանդես գալ ջերմոցատերերին հորդորելու Ամանորի նախաշեմին գյուղմթերքի նկատմամբ պահանջարկի աճին զուգահեռ խստիվ ուշադրություն դարձնել արտադրվող ջերմոցային արտադրանքի որակին և չչարաշահել թունաքիմիկատները: