Իգնատի Առաքելյանը՝ պարարտանյութի սուբսիդավորման մասին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում պարարտանյութերի շուկայում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայտնաբերած խախտումները՝ նշեց, որ ինքը չէ գնահատողն ու վերլուծողը:
Դիտարկմանը, թե նախորդ կառավարությունների օրոք այս ոլորտում մրցույթներ փաստացի չեն անցկացվել, խախտումներ են եղել, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «2016 թվականին եղել է մրցույթ, նախորդ տարիներին եղել է կառավարության որոշում, թե ոնց պետք է անցկացվի: Հաջորդ տարվա համար մտածում ենք, թե ինչ ենք անելու, ոնց ենք անելու: Բայց իմ տրամադրությունը ուղղված է նրան, որպեսզի շուկան բացենք և ընդհանրապես պարարտանյութի սուբսիդավորում չանենք: Այսինքն՝ թույլ տանք ով ուզում է, բերի: Մենք հիմա բանակցում ենք բոլոր ցանկացողների հետ՝ հասկանալու համար, թե ինչ գնային ազդեցություն կտա շուկայում: Ֆերմերի համար պարարտանյութը չպետք է թանկանա: Ըստ դրա՝ մենք սուբսիդավորման մեխանիզմը կմշակենք այնպես, որպեսզի դա լինի ավելի թափանցիկ և հասցեական»:
Հարցին, թե իր կոլեգաներից չի՞ հետաքրքրվել՝ ինչո՞ւ է նախկինում առանց մրցույթի կազմակերպվել գործընթացը, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ես հիմա այնքան բան ունեմ անելու, որ հիմա հարցնեմ, թե ինչու է նախկինում նման բան եղել, դրա ժամանակը չունեմ»:
Դիտարկմանը, թե կարող է բացառել, որ այլևս նման դեպքեր չեն լինի, որ առանց մրցույցների բյուջեին վնաս հասցնելով որոշ մարդիկ չեն հարստանա, Իգնատի Առաքելյանը նշեց. «Մեր գերատեսչության, գյուղանախարարության մասով, այո, կարող եմ ասել: Իսկ հարստանալու դեմ…ես չեմ կարող հարստանալու դեմ քայլ անել, հակառակը, բոլորը պետք է հարստանան, բայց դա պետք է լինի օրենքի սահմաններում և թափանցիկ»:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 4 տարի շարունակ՝ 2012-2016 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարար է հանդիսացել «Մասիսի Բերրիություն» ընկերությունը: Ընդ որում, վերջինս ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ընտրվել է առանց մրցույթի հայտարարման, ինչը նշանակում է, որ այլ ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս ծրագրին: Ըստ աղբյուրի, ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի բավարարվում է մեր երկրում ազոտական պարարտանյութի պահանջարկի մոտ 74 տոկոսը, ինչը նշանակում է, որ մատակարարը նույնքան մասնաբաժնով կարող է ունենալ գերիշխող դիրք տվյալ շուկայում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան