ՄԱԿ գլխավոր քարտուղար. Եկեք պարտավորվենք միասին իրականություն դարձնել ՁԻԱՀ-ից զերծ աշխարհի մեր տեսլականը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարահային օրվա առթիվ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած ուղերձում ասված է.
«Երեսունհինգ տարի է անցել այն օրից, ինչ ի հայտ եկավ ՁԻԱՀ-ը: Միջազգային համայնքը կարող է հետ նայել որոշ հպարտությամբ, բայց մենք պետք է նաև առաջ նայենք վճռականությամբ և պարտավորված՝ մինչև 2030 թվականը վերջ դնելու ՁԻԱՀ-ի համաճարակին:
Հիվանդությունը հաղթահարելու հարցում իրական առաջընթաց է գրանցվել: Աննախադեպ թվով մարդիկ բուժում են ստանում: 2010 թվականից ի վեր մորից երեխային փոխանցման միջոցով վարակված երեխաների քանակը կիսով չափ նվազել է: Տարեցտարի նվազում է ՁԻԱՀ-ի հետ կապված պատճառներով մահացության ցուցանիշը, իսկ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի տևողությունը երկարում է:
Վերջին հինգ տարվա ընթացքում կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցներից օգտվելու հնարավորություն ունեցող մարդկանց թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 18 միլիոնի: Ճիշտ ներդրումների շնորհիվ աշխարհը կարող է արագացված առաջխաղացում ունենալ՝ հասնելով մինչև 2030 թվականը 30 միլիոն մարդու բուժման մեր թիրախին: Այժմ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցները, որ կանխում են մորից երեխային փոխանցումը, հասանելի են դրանց կարիքն ունեցող մարդկանց ավելի քան 75 տոկոսին:
Չնայած հստակ առաջընթացին՝ մեր հաջողությունները դեռևս փխրուն են: Երիտասարդ կանայք հատկապես խոցելի են այն երկրներում, որտեղ ՄԻԱՎ-ը մեծ տարածում ունի, մասնավորապես՝ Ենթասահարային Աֆրիկայում: Բնակչության ռիսկային խմբերը շարունակում են անհամաչափորեն ենթարկվել ՄԻԱՎ-ով վարակման վտանգին: Առաջնային վարակումները հատկապես տարածված են ներերակային թմրամիջոցներ գործածող մարդկանց, ինչպես նաև նույնասեռական տղամարդկանց ու այլ՝ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց շրջանում: ՁԻԱՀ-ի համաճարակը տարածվում է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ ուղեկցվելով խարանով, խտրականության դրսևորումներով ու պատժիչ օրենքներով: Ամբողջ աշխարհում սոցիալապես անապահով մարդիկ զրկված են ծառայություններից և խնամքից օգտվելու հնարավորությունից: Քրեականացումն ու խտրականությունն օր օրի խթանում են նոր վարակումները: Կանայք և աղջիկները շարունակում են լինել հատկապես տուժող խումբը:
«Կայուն զարգացման օրակարգ - 2030» ծրագիրն ընդունվել է ոչ ոքի չանտեսելու խոստումով: Եվ այս խոստումը ոչ մի այլ ոլորտում ավելի կարևոր չէ, քան ՁԻԱՀ-ի դեմ պայքարում: Երիտասարդ, խոցելի և լուսանցք մղված մարդկանց օգնելը կփոխի համաճարակի ընթացքը: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ/ UNAIDS) ռազմավարական շրջանակը համահունչ է Կայուն զարգացման նպատակներին, որոնք ընդգծում են, թե ինչպես է ՄԻԱՎ-ի դեմ պայքարը շաղկապված կրթության, խաղաղության, գենդերային հավասարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում առաջընթացին: Հպարտությամբ եմ հետևում, թե ինչ նվիրվածությամբ են ՄԱԿ-ը և ՄԱՁԻԱՀ-ը, Միշել Սիդիբեի առաջնորդությամբ, այս համաճարակին վերջ տալու նոր ու առավել արդյունավետ լուծումներ փնտրում:
Առաջին տասնամյակի ընթացքում տուժած խմբերը հրաժարվեցին ՁԻԱՀ-ին հակազդման հարցում ոչինչ չանելու, ոչնչով աչքի չընկնելու և թույլի դիրքից: Նրանց խիզախությունն էր, որ առաջընթացի հանգեցրեց կանանց և երեխաների առողջությունը պահպանելու, կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների մատչելիության մեծացման ու ձայնազուրկներին խոսք տալու հարցերում: Բոլորս պետք է միավորվենք այդ նույն անկոտրում ոգով: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը ես ողջունում եմ առաջնորդների, քաղաքացիական հասարակության, ՄԱԿ-ի իմ գործընկերների, ինչպես նաև մասնավոր հատվածի անխոնջ ջանքերը՝ ուղղված այս հարցում առաջխաղացմանը:
Մինչ պատրաստվում եմ հրաժեշտ տալ Գլխավոր քարտուղարի պաշտոնին, բոլորիդ հորդորում եմ. եկեք վերստին պարտավորվենք միասին իրականություն դարձնել ՁԻԱՀ-ից զերծ աշխարհի մեր տեսլականը»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԱՎ-ի հետազոտությունն անվճար է, արդյունքների գաղտնիությունն էլ երաշխավորվում է
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Առաքելություն Արևելք»-ը համագործակցում են ընդդեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման
- Ավստրալիացի բժիշկները հայտարարել են ՁԻԱՀ-ի դեմ հաղթանակի մասին
- Հայաստանում ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ը դեպքերը նվազել են, իսկ վիրուսային հեպատիտի դեպքերը՝ աճել
- 2014թ-ին ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1,2 մլն մարդ, նրանցից 62 հազարը մեր տարածաշրջանում
- Մենք շատ բան ունենք սովորելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարից. Բան Կի Մուն
- 15 մլն դոլար՝ Հայաստանում ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի համար
- ՁԻԱՀ-ն ախտորոշող տեստերը՝ ազատ վաճառքում