Մուղնեցոց Սբ. Գևորգ եկեղեցու այրված դուռը կվերականգնվի
Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության Ազգային գործակալությունը հայտնում է, որ օրեր առաջ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու կենտրոնական մուտքի այրված դուռը նույնությամբ կվերականգնվի: jnews.ge կայքը գրում է, որ Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության Ազգային գործակալությունից տեղեկացրել են. «Հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել և կատարվել է համապատասխան ուսումնասիրություն: Մթածմինդայի գամգեբելին խոստացել է եկեղեցու դռան վերականգնման աշխատանքներ իրականացնել: Առաջին հերթին դռան դիմացից պետք է հեռացվի երկաթյա տնակը, որը խոչընդոտում է աշխատանքներին: Չափումներ են կատարվել և ճշտվում է կրակի պատճառած վնասի չափը: Այրված դռնից մնացած դետալները հավաքելով՝ կվերականգնեն հին դուռը նույնությամբ»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի լույս 26–ի գիշերը Թբիլիսիի 14-րդ դարի Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվել է եկեղեցու միակ կանգուն պատի երբեմնի կենտրոնական մուտքի դուռը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 118-րդ հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ անուշադրության պատճառով գույքի ոչնչացում:
Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին Վրաստանի հայտարարած վիճահարույց եկեղեցիների թվում է: 2009 թվականից կիսախարխուլ է և գտնվում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հաշվեկշռում:
Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1356 թ., վերակառուցվել է 1756 թ., իսկ 1852-93 թթ. մասնակի նորոգվել է: Այն կառուցված է թրծած աղյուսից, կրաշաղախով ներսից սվաղված է: Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եկեղեցին չի գործել: Այնտեղ մինչև 1980-ական թթ. վերջը գործել է ազգագրության թանգարանը, որը տեղափոխվել է կառույցում ճաքերի առաջացման պատճառով: 1990-ական թթ. սկզբից կառույցը համարվել է վթարային և ժամանակավոր ամրացման աշխատանքներ չիրականացնելու հետևանքով, բնական գործոնների ազդեցությունից (բնահողի նստվածք, եղանակային գործոններ, երկրաշարժ և այլն) շարունակվել է քայքայվել, մեծացել են ճաքերը, պատերի որոշ հատվածներ թեքվել են և եկեղեցին 2009 թվականի նոյեմբերի 19-ին փլուզվել է:
Հարակից հրապարակումներ`
- Այրվել է Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու դուռը
- Վրաստանի պատրիարքարանը կոչ է արել փրկել Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին
- «Մուղնեցոց Ս. Գևորգ եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական ուսումնասիրություններ»
- Տեր կանգնենք Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցուն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում