Կարեն Աղամալյան. «Ոչ մի ճնշում չի եղել ինձ վրա»
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովում ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր ամփոփեց տարին` միաժամանակ ներկայացնելով մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին, ով պաշտոնում փոխարինեց Կարեն Աղամալյանին:
Արթուր Գևորգյանը շեշտեց, որ Թորոսյանն իր առաջ պայման է դրել` չմիջամտել հավաքականի ներքին աշխատանքներին և ինքը լիովին վստահում է նոր մարզչին: Իսկ Աղամալյանի արդյունքներից դժգոհ չէ, սակայն սպասում էր ավելիին:
«Դավիթ Թորոսյանին առաջարկեցի կրկին գլխավորել հավաքականը և նա իմ առջև պայման դրեց, որ ես չմիջամտեմ հավաքականի, մարզչի աշխատանքներին` մարզիչների և մարզիկների ընտրության հարցում: Հիմա նա կորոշի՝ ում հետ աշխատել, ում հետ՝ ոչ: Ունենք 4 տարի ժամանակ, և ես վստահում եմ Թորոսյանին: Կարծում եմ` կկարողանանք լավ արդյունքներ գրանցել»,- ասաց նա:
Ֆեդերացիայի նախագահը գիտակցում է, որ արդյունքների հասնելու համար ժամանակ է հարկավոր, սակայն հույս ունի, որ հաջորդ Օլիմպիական խաղերի ժամանակ հայ բռնցքամարտիկները կկարողանան մեդալներ նվաճել:
Կարեն Աղամալյանի աշխատանքն ինձ բավարարել է, բայց նա չգերազանցեց իրեն: Ավելիին էի սպասում: Չգիտեմ քանի տարի կաշխատի Դավիթ Թորոսյանը՝ Կարեն Աղամալյանի պես մեկ տարի, թե ավելի շատ: Թե ինչ արդյունք կունենանք, ժամանակը ցույց կտա: Գիտակցում ենք, որ կլինեն խոչընդոտներ, բանբասողներ, խանգարողներ, բայց մենք մնալու ենք մեր որոշմանը: Հաջորդ Օլիմպիական խաղերին ակնկալում եմ ունենալ Օլիմպիական մեդալներ»,- նշեց Գևորգյանը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, ամփոփելով իր աշխատանքը, շեշտեց, որ ամեն ինչ ճիշտ է արել: Միակ անակնկալն այն էր, որ Ռիոյի Օլիմպիական խաղերին իր սաները չկարողացան մրցանակային տեղ գրավել, ինչն էլ, երևի թե, անդրադարձավ իր աշխատանքի վրա:
«Սամսունում մեր տղաները շատ լավ հանդես եկան, գիտեք, որ ունենք 4 հաղթող: Շատ լավ ենք մասնակցել այդ մրցաշարին: Դրանից հետո ամբողջ մայիս և հունիս ամիսներին նախապատրաստվել ենք Ռիոյի Օլիմպիական խաղերին: Երկու ուսումնամարզական հավաք ենք անցկացրել Երևանում: Միակ բանը, որ սպասում էի, դա մեդալն էր, սակայն չկարողացանք նվաճել: Նախապատրաստական փուլում ոչ մի ճնշում չի եղել ինձ վրա, ես եմ բոլոր որոշումները կայացրել: Ես իմ գործն արել եմ ճիշտ»,- ասաց Կարեն Աղամալյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանը գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր նախորդ տարվա դեկտեմբեր ամսին` փոխարինելով նույն Դավիթ Թորոսյանին: