«Գանձասար-Կապանը» տուգանվել է` ֆուտբոլիստների վարքի պատճառով
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղին դաշտի տերերի ֆուտբոլիստ Ալեքսանդր Պետրոսյանի հեռացման` մրցակցին ձեռքով հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել ֆուտբոլիստին որակազրկել 4 խաղով, իսկ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանել 100.000 դրամ:
Առաջին խմբի առաջնության «Գանձասար-Կապան-2»-«Փյունիկ-2» հանդիպման ժամանակ «Գանձասար- Կապան-2» թիմի ֆուտբոլիստ Սուրեն Առաքելյանը, ով մրցակցին հարվածել էր և հայհոյել գլխավոր մրցավարին, ինչի արդյունքում հեռացվել էր, որակազրկվել է 8 խաղով, իսկ «Գանձասար- Կապան» ակումբը ստիպված կլինի ֆուտբոլիստի այս արարքի համար վճարել տուգանք` 250.000 դրամի չափով: