Դավիթ Թորոսյան. «Նախկինում միշտ վախեցել են հայ բռնցքամարտիկներից»
Հայաստանի բռնցքամարտի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ այս ընտրանին աճելու և բարձր արդյունքներ գրանցելու մեծ հնարավորություններ ունի: Թե մարզիչներից ովքեր կաշխատեն իր հետ, Թորոսյանը նշեց, որ այդ մասին կտեղեկացնի մեկ շաբաթ հետո:
«Հավաքականում կփոխվի աշխատանքային ընթացակարգը: Բռնցքամարտն ուժային մարզաձև է և արդյունք կունենանք այն դեպքում, երբ կփոխվի հայ մասնագետների մտածելակերպը: Վստահություն ունեմ, որ մեդալներ կունենանք, որովհետև բռնցքամարտը մեր ազգային ձևն է: Էթնիկ առումով այս մարզաձևը հոգեհարազատ է. երբ մեզ խփում են, մենք էլ ենք ուզում խփել: Նախկինում միշտ վախեցել են հայ բռնցքամարտիկներից, պետք է հետ բերել այդ ավանդույթը»,- ասել է Թորոսյանը:
Խոսելով առաջիկա ուսումնամարզական հավաքաների մասին` Դավիթ Թորոսյանը վստահեցրեց, որ դրանք չպետք է ինքնանպատակ լինեն և դեռ պետք է քննարկել ու հաշվարկել դրանց անցկացման ժամկետները: