Երկու նոր նամականիշ` նվիրված «Եվրոպա 2016. Մտածե՛ք կանաչ» թեմային
Այսօր մարվել են և շրջանառության մեջ դրվել «Եվրոպա 2016. Մտածե՛ք կանաչ» թեմային նվիրված 2 նամականիշ: «Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդմամբ, յուրաքանչյուր տարի «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկում է ԵՎՐՈՊԱ շարքի նամականիշեր «PostEurop»-ի` եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիայի կողմից հայտարարված ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում:
«Մտածե՛ք կանաչ» առաջին նամականիշի հեղինակն է Դոքսիա Սերգիտուն (Կիպրոսի փոստ), որի նախագծած նամականիշը 2014թ. հաղթել է ԵՎՐՈՊԱ նամականիշերի 60-ամյակին նվիրված մրցույթում, և այդ նամականիշը թողարկում են «PostEurop»-ի բոլոր անդամ երկրների փոստային օպերատորները: Նամականիշի վրա պատկերված է ձեռք, որը ներկում է գորշ գույները կանաչ ներկով, խորհրդանշելով, որ «մեր ձեռքերում է գտնվում ավելի կանաչ մոլորակ ստեղծելը»:
Երկրորդ նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշի մի մասին պատկերված է ամայի, անկենդան տարածք, մինչդեռ մյուս մասում ներկայացված է առողջ, փարթամ ծառ՝ խորհրդանշելով բնության վերականգնումն ու ապաքինումը:
Նամականիշերի մարումն իրականացրել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը և Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Թողարկման օրը` 01 դեկտեմբերի 2016թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Անվանագինը՝ 350, 350 ՀՀ դրամ
Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 50 000 x 2