«Տաշիրը» կպայքարի բրոնզե մեդալների համար
Խարկովի «Լոկոմոտիվ» մարզադահլիճում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունը, որտեղ պատվավոր մրցանակը վիճարկում են 10 երկրի 12 թիմեր:
2-րդ տարին անընդմեջ պատասխանատու այս ստուգատեսում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում է «Տաշիր» թիմը: Հայկական թիմն այս անգամ հանդես է գալիս մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի և Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ:
«Տաշիրի» կազմում ընդգրվել են Նարեկ Հովհաննիսյանը (57 կգ), Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում է Ավետիք Վարդանյանը:
Արդեն կայացել են խմբային փուլի հանդիպումները: Առաջին խաղում Իրանի «Սեթարեգանի» նկատմամբ 5:3 հաշվով վստահ հաղթանակ տոնած հայկական թիմը հաջորդ խաղում նույնպես 5:3 հաշվով հաղթել է թուրքական «Իստանբուլ Սանք» թիմին` դառնալով D խմբի հաղթող և իրավունք ստանալով հանդես գալ կիսաեզրափակչում:
Այստեղ մրցակիցը C խմբի հաղթող Իրանի «Ռազին» էր, որին, ցավոք, «Տաշիրը» պարտվեց 8:0 հաշվով և այսօր բրոնզե մեդալների համար պայքարում ուժերը կչափի Ուկրաինան ներկայացնող «Զդարովիեի» հետ, իսկ գլխավոր մրցանակը եզրափակչում կվիճարկեն Իրանի «Ռազին» և ԱՄՆ-ի «Տիտան Մերկուրին»: