Հենրիխ Մխիթարյանն սկսում է արդյունավետ գործել
«Մանչեսթեր Յունայթեդն» անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում երեկ 4։1 հաշվով առավելության հասավ «Վեստ Հեմի» նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվեց մանկունիանցիների մեկնարկային կազմում և աչքի ընկավ արդյունավետ խաղով՝ կատարելով 2 գոլային փոխանցում։
Արդեն հանդիպման երկրորդ րոպեին Ուեյն Ռունին նուրբ փոխանցումով գրոհի նետեց Մխիթարյանին։ Վերջինս գնդակով փոքր-ինչ տեղաշարժվեց ձախ և կրնկի հրաշալի փոխանցմամբ դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս բերեց Զլատան Իբրահիմովիչին։ Շվեդ ֆուտբոլիստը սառնասրտորեն իրացրեց իր հնարավորությունը՝ դարպասապահի կողքով գնդակն ուղարկելով դարպասը։
Հայ ֆուտբոլիստը վճռական գործողություններով կրկին փայլեց 48-րդ րոպեին։ Նա աջ թևից ներխուժեց տուգանային հրապարակ և գնդակն ուղարկեց դեպի 11 մետրանոցի նշանակետի շրջան։ Այնտեղ ոչ ոք չէր հսկում Մարսիալին, և նա ուժեղ հարվածով գրավեց Ադրիանի պաշտպանած դարպասը։
Մյուս երկու գոլի հեղինակները նույնպես Մարսիալն ու Իբրահիմովիչն են։ Իսկ ահա հյուրերից միակ գոլի հեղինակը Ֆլետչերն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան