Նախատեսվում է ստեղծել Հայաստանի ճարտարապետների պալատ
Գործադիրը հավանություն է տվել «Ճարտարապետական գործունեության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:
Մասնավորապես, «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունների հստակեցման, տարբեր բարդության քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործընթացի կանոնակարգման առանձնահատկությունները սահմանելու անհրաժեշտությամբ:
Ըստ այդմ՝ նախատեսվում է ֆիզիկական անդամակցության հիման վրա ստեղծել Հայաստանի ճարտարապետների պալատ, որն իրականացնելու է, մասնավորապես՝ ճարտարապետների արտոնագրում, հաստատելու է էթիկայի կանոնները, վերահսկելու է դրանց կատարումը:
Նախագծի մշակման հիմնական նպատակն է`ապահովել կառուցապատվող միջավայրի, շենքերի ու շինությունների հարմարավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը, ճարտարապետների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացու և հասարակության պաշտպանվածությունը ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետևանքներից:
Արդյունքում ակնկալվում է ճարտարապետական գործունեության մասնագիտական որակի բարձրացում, բնագավառում առողջ մրցակցության ստեղծում:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը մշակվել է տևական ժամանակ և անցել է բազմաթիվ ընդլայնված քննարկումներով: Ի պատասխան վարչապետի հարցին, թե քանի տարի է մշակվել օրինագիծը՝ Նարեկ Սարգսյանը նշել է, որ օրենքի նախագիծը մշակվել է 2008-2009 թվականներից սկսած, բազմաթիվ քննարկումներից հետո 2012-2013 թվականներին դուրս է եկել շրջանառությունից և նորից շրջանառության մեջ է դրվել 2014 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան