Վարչապետը առողջապահության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել դեղերի շուկան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին դեղերի շուկայի վերաբերյալ հանձնարարական տվեց:
Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա, վարչապետը Առողջապահության նախարարին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը:
Կարեն Կարապետյանը հաջորդ հանձնարարականը վերաբերում էր բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակին: Մասնավորապես, բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում վստահության բարձրացման, հարգանքի ու հոգատարության մթնոլորտի բարձրացման, իրազեկվածության մակարդակը բարելավելու նպատակով՝ վարչապետը հանձնարարեց առողջապահության նախարարին՝ մշակել և քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական փաթեթ, որով կկարգավորվի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասախանատվության ենթարկելու հարաբերությունները:
Բացի այդ, նախարարին հանձնարարվեց եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկ՝ պետպատվեր իրականացնող հաստատություններում բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ: «Գնահատման արդյունքների հիման վրա դիտարկել նաև բուժաշխատողների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու հնարավորության հարցը»,- ասաց Կարեն Կարապետյանը: