Մինչև տարեվերջ կհիմնադրվի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը
Գործադիրի այսօրվա նիստը նորից սկսվեց հանձնարարականներով: Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ ինչպես նախատեսված էր Կառավարության ծրագրով, ստեղծելու են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը լինելու է Կառավարությանը կից և գործելու է հանրային մասնավոր գործընկերության ձևաչափով:
Վարչապետի խոսքերով՝ կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու ՀՀ կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումներ հայեցակարգերի, փաթեթների մշակումը` մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով:
«Տեղեկացնեմ, որ մենք այդ հարթակն արդեն մի քանի անգամ օգտագործել ենք, եղել են բազմաթիվ քննարկումներ և կենտրոնը կհիմնադրվի և կսկսի իր գործունեությունը մինչև տարեվերջ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նշեց, որ տարիների ընթացքում տարբեր պետական մարմինների կողմից խորհրդատուների օգնությամբ, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ կամ սեփական ուժերով մշակվել, այնուհետև Կառավարության կողմից հավանության են արժանացել իրենց կառավարման ոլորտներում ռազամավարություններ և բարեփոխումների հայեցակարգեր: Այդ փաստաթղթերը ստացել են տարբեր անվանումներ՝ ռազմավարություն, զարգացման ծրագիր, հայեցակարգ, բարեփոխումների փաթեթ և այլն: Մինչդեռ, ըստ կարեն Կարապետյանի, իրավական տեսանկյունից գործող կարգավիճակ ունեցող ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերի շարքում առկա են այնպիսիք, որոնց ուղղությամբ փաստացի աշխատանքներ այս պահին չեն իրականացվում, քանի որ դրանք կարող են չհամապատասխանել ժամանակի հրամայականին կամ չեն համապատասխանում նոր ռեսուրսներին կամ կան այլ պատճառներ:
«Ելնելով դրանից՝ հանձարարում եմ բոլոր նախարարություններին և գերատեսչություններին մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր այդպիսի ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը կենտրոնի կողմից դրանք ամփոփելու համար: Երկրորդ՝ երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի իրակագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք: Երրորդ՝ այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի պահպանման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանք համապատասխան հիմնավորումներով: Մենք անհրաժեշտություն ունենք ամփոփելու այն բազան, ինչ մենք ունենք»,- ընդգծեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին