Կինոօպերատոր Լևոն Աթոյանցն արժանացել է իտալական կինոփառատոնի մրցանակին
«Նարեկացի» արվեստի միությունում երկու օր շարունակ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին, անցկացվել է «Սալենտո» միջազգային կինոփառատոնը: «Նարեկացի» արվեստի միությունից հայտնում են, որ բացման արարողության ժամանակ, բացի ֆիլմերի ցուցադրությունից, տեղի է ունեցել նաև «Սալենտո» կինոփառատոնի ամենամյա մրցանակի հանձնումը, որն իրականացրել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջովաննի Ռիչուլլին:
«Ուրախ եմ գտնվել «Նարեկացի» արվեստի միությունում և հատկապես ուրախ եմ, որ պատիվ ունեմ հանձնելու «Սալենտո» կինոփառատոնի մրցանակը լեգենդար, վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցին»,- իր ելույթում նշել է Ջովաննի Ռիչուլլին:
Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ելույթ է ունեցել և իր շնորհակալական խոսքն ասել Լևոն Աթոյանցը. «Հաճելի է հենց «Նարեկացի» արվեստի միությունում ստանալ այս մրցանակը: Շնորհակալ եմ՝ իմ աշխատանքը գնահատելու համար. սա միայն իմ մրցանակը չէ , այլ նաև իմ վարպետների մրցանակն է…»:
Միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնը առաջին անգամ մեկնարկվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից. այն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Հոնկոնգում և այլն: Փառատոնի շրջանակներում հյուրընկալող երկրում ցուցադրվում և պրոպագանդվում են անկախ ռեժիսորների ֆիլմեր` դա համարելով մշակութային հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցը: Այդպիսով, նաև նպատակ է հետապնդվում ուշադրություն հրավիրել այն ֆիլմերի վրա, որոնց հեղինակները փնտրում են դրանք իրացնողներ (դիստրիբյուտոր):
Ցուցադրվել են հինգ գեղարվեստական (խաղարկային) և մեկ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ուղեկցվել են անգլերեն ենթագրերով:
Կինոփառատոնի հիմնադիր Լուիջի Կամպանիլեն նշել է.«Հայաստանում «Սալենտո» կինոփառատոնն անցկացնում ենք 2015-ից. սա երկրորդ տարին է, և ինչպես անցյալ տարի, այս տարի ևս փառատոնն անցկացվում է «Նարեկացի» արվեստի միությունում: Հասցրել ենք ընկերանալ միության աշխատակազմի հետ, և ուրախ եմ մեր համագործակցության համար: Այս տարի ցուցադրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք ցուցադրվել են մի շարք երկրներում, ֆիլմեր, որոնք լավագույնն են և դրական արձագանքի են արժանացել: Փառատոնը կկրի շարունակական բնույթ: Մյուս տարի արդեն գուցե անցկացվի 3-4 օր, և կցուցադրվեն նաև հայկական ֆիլմեր»: