Հրաչյա Մանուկյանը «Կամքի ուժ» գրքում ներկայացնում է իր անձնական փորձը
Հրաչյա Մանուկյանի «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքի շնորհանդեսը կայանալու է դեկտեմբերի 17-ին: Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ:
Panorama.am-ը մի քանի հարց է ուղղել Հրաչյա Մանուկյանին.
Panorama.am-Գրքում ամբողջութամբ ներկայացված է անձամբ ձեր պատմությո՞ւնը, թե հերոսի՞, թե՞ այդ հերոսը հենց դուք եք:
Հ.Մանուկյան-Իմ, ամեն ինչ անձնական փորձի հիման վրա է: Հերոս բառը մի քիչ անսովոր է, բայց ես եմ: Ընդհանրապես, իմ թեման անձնային աճն է. պրակտիկ գիտելիքներ, որոնք թույլ են տալիս մարդուն ավելի լավ ապրել ու ավելի շատ բանի հասնել: Ես իմ կյանքում անձնային աճի հետ կապված շատ քայլեր եմ անում, ու երբ պահը հասունանում է, անցնում են տարիներ, փորձը դառնում է գիրք: «Կամքի ուժ» գիրքը 8 տարվա փորձի արդյունք է, որի ընթացքում հասկացել եմ, որ շատ բաներ մենք անում ենք առանց հասկանալու ու նույնիսկ եթե դա մեզ պետք չէ, պարզապես բոլորն են այդպես անում: Հիմա եթե սկսեմ խոսել, գիրքը կրկին այստեղ կգրեմ, բայց որպեսզի դա չլինի, ասեմ, որ ամեն ինչ սկսվեց ծխելը թողնելուց, հետո սկսեցի չխմել, հեռուստացույց դադարեցի դիտել, սննդի հետ կապված փոփոխություններ, սպորտ... մի խոսքով, ամեն ինչ տեղի ունեցավ փուլ առ փուլ:
Panorama.am -Ըստ Ձեզ, ինչքանո՞վ կօգնի այն ընթերցողին ձերբազատվել վատ սովորություններից: Դուք հեշտությա՞մբ եք ձերբազատվել:
Հ.Մանուկյան-Ոչ մի գիրք, կարծում եմ, չի կարող վստահաբար մարդուն փոխել, գիրքը միայն կարող է շարժիչ ուժ հանդիսանալ, որ մարդն ամեն ինչ անի ինքնուրույն: Այդ առումով, «Կամքի ուժ» գիրքը, այո, կօգնի մարդկանց: Ինձ մոտ դա հեշտ է ստացվում, քանի որ դա արդեն սովորություն է դարձել: Եթե կարողանում ես մի բանը ղեկավարել, հետո մյուսը, երրորդը, չորրորդը, ապա հետագայում կապ չունի, թե ինչ սովորություն ես ուզում ղեկավարել, դա հեշտ է ստացվելու:
Panorama.am -Ավելի շատ ո՞ր տարիքի ընթերցողին է ուղղված այս գիրքը:
Հ.Մանուկյան -Կարծում եմ՝ առաջնային թիրախային խումբը 16-24 տարեկաններն են, ովքեր դեռ կյանք նոր են մտնում, կարևոր որոշումները դեռ նոր են կայացնելու, կյանքը նոր են սկսում հասկանալ: Բայց գիրքը, վստահ եմ, հետաքրքիր է լինելու նաև ավելի մեծ տարիքի մարդկանց, պարզապես գլխավոր տարբերությունը կայանում է նրանում, որ ավելի հասուն սերնդի մոտ իրենց կյանքում փոփոխություն անելու պատրաստ մարդկանց տոկոսը քիչ կլինի:
Panorama.am-«Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ», կշարունակվի՞ այս շարքը՝ ուղղված մարդկանց օգնելու: Երբևէ մտածե՞լ եք այլ բնույթի ստեղծագործությունների մասին:
Հ.Մանուկյան-Քանի դեռ ես անձնապես աճում եմ, շարունակվելու է, փորձը ու գիտելիքը փոխանցվելու է այլ մարդկանց: Արդեն երրորդ գիրքն եմ սկսել` «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս», նույն ոճի մեջ, բայց ավելի հեղափոխական մտքերս եմ որոշել գրել: Իսկ այլ ժանրում գրելու համար վերջերս, չգիտես ինչու, սկսել եմ մտածել Ֆենտըզի ժանրում փորձելու համար, երևի ուժերս եմ ուզում փորձել, ու նաև շատ ֆիլմեր եմ դիտել: