ՍԱՊԾ պաշտոնյան մտադիր է դատական կարգով վերականգնել ոտնահարված իրավունքը
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Հանրապետական անասնաբուժասանիտարական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Panorama.am-ի տեղեկություններով, ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի ևս հանձնարարվել է ազատման դիմում գրել: Panorama.am-ը հետագա քայլերի մասին զրուցել է Արման Գևորգյանի հետ:
Panorama.am – Պարոն Գևորգյան, մեր տեղեկություններով ազատվել եք լաբորատորիայի տնօրենի պաշտոնից: Սեփական դիմումի համաձա՞յն է եղել ազատումը:
Պատասխան – Ավելի ճիշտ կլինի ասել սեփական չդիմումի: Ինձ իր մոտ հրավիրեց ծառայության նորանշանակ պետը, նշեց, որ շատ գոհ է իմ աշխատանքից, և որևէ մեկը վատ գնահատական չի տվել իմ աշխատանքի մասին: Նա ասաց, որ պատրաստվում է լաբորատորիայի նոր տնօրեն հրավիրել, ով միջազգային կառույցից է: Ինձ առաջարկեց մնալ համակարգում:
Կարծեցի, թե ՍԱՊԾ նորանշանակ պետը ցանկանում է` համակարգը կառավարի միջազգային մակարդակի փորձագետ, ինչին ի պատասխան նշել եմ, որ չի բացառվում, ինձ համար պատիվ լինի աշխատելու նոր տնօրենի հետ: Սա այնպիսի ոլորտ է, որտեղ մշտապես գիտելիքները խորացնելու կարիք կա և իսկապես հանրապետությունում հնարավոր էր գտնել մասնագետ, որից ինքս կարող էի միջազգային առաջավոր փորձը սովորել:
Որպեսզի ապակառուցողական մարդու տպավորություն չթողնեմ, գրեցի աշխատանքից ազատվեկու մասին դիմում՝ գիտակցելով, որ աշխատանքային օրենսգրքի համաձայն դիմում պետք է ներկայացնեմ շատ ավելի վաղ և ունեմ երեք օր` դիմումս հետ վերցնելու համար: Ժամեր անց պարզեցի, որ դիմումս մակագրված է, ավելին` նշանակված է նոր տնօրենի պաշտոնակատար:
Դա ինձ համար ամենազարմանալին էր, քանի որ չսպասեցին անգամ, որ լրանա օրենքով սահմանված դիմումը վերցնելու երեք օր ժամկետը: Այդուհանդերձ որոշեցի ծանոթանալ նոր տնօրենի հետ: Նա ոչ մի կապ չուներ միջազգային կառույցի հետ, ավելին՝ որևէ կապ չուներ անգամ սննդամթերքի անվտանգության հետ: Հաջորդ օրն առավոտյան դիմում ներկայացրի` խնդրելով աշխատանքից ազատման դիմումս վերադարձնել, ինչպես սահմանում է օրենքը: Դիմումս չընդունվեց: Բոլորն էլ տեղյակ են, որ աշխատողն իրավունք ունի երեք օրվա ընթացքում հետ կանչել իր դիմումը, բայց մեր մենեջերները փաստորեն չգիտեն, այպիսով ես արդեն տնօրեն չեմ:
Panorama.am– Պայքարելո՞ւ եք աշխատանքի վերականգնման համար:
Պատասխան - Իհարկե այո, օրենքով սահմանված կարգով:
Panorama.am - Տեղյա՞կ եք` ծառայությունում ի՞նչ մասնագետներ են ընդգրկվում:
Պատասխան-Եթե անկեղծ, խիստ մասնակի: Այս ընթացքում հասցրել էի կուտակել արձակուրդային 75 օր: Հիմա հանգստանում եմ, բայց տեղյակ եմ, որ նեղ մասնագետներին փոխարինում են ոլորտի հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ: Միայն հույս ունեմ, որ մինչև դատական կարգով կվերականգնեմ իրավունքս, համակարգը չեն քանդի այնպես, որ վերականգնելը մեծ դժվարություն առաջացնի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին