Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը վերականգնվել է
Ավարտվել է հայնի նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման ու պահպանման աշխատանքները: Այն տեղակայվել է Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի երկրորդ հարկում՝ կրկին հասանելի դառնալով հանրությանը: Որմնանկարի վերականգնումն իրականացվել է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին եղել են Գյումրում:
«Այս որմնանկարը, որի վերականգնման աշխատանքների ավարտը մենք նշանավորում ենք այստեղ, մի քանի տարի լքված գործարանի շենքում էր՝ աչքից հեռու ու փոշու մեջ պարփակված: ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շնորհիվ այն այժմ նոր շունչ է ստացել: Այն գտնվում է արվեստագետների, համայնքային առաջնորդների ու նորարարների հաջորդ սերնդի աչքի առաջ, և այժմ նրանք կտեսնեն Հակոբ Հակոբյանի այս ստեղծագործությունը, կծանոթանան դրա պատմությունը և դա կոգեշնչի նրանց Հայաստանի ոգին արտացոլող արվեստի նոր գործեր ստեղծել», - նշել է դեսպան Միլսը:
«Սարերում» որմնանկարի վերականգնման աշխատանքները կատարվել են Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի կողմից, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի ճանաչված վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ:
«Վերականգնողի աշխատանքը սիրո ու հարգանքի դրսևորում է նկարիչների ու նրանց ստեղծագործությունների հանդեպ: Իսկ այդ նվիրված ու ջերմեռանդ աշխատանքի արգասիքն այսօր բոլորս ենք տեսնում», - ասել է դեսպան Միլսը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը աշխատանքներ է իրականացնում Գյումրու որմնանկարները փրկելու ուղղությամբ: Անցած տարի, մեկ այլ ծրագրով իրականացվել են Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարի վերականգնման աշխատանքները, որն այժմ տեղակայված է Գյումրու նոր վերանորոգված երիտասարդական պալատում:
ԱՄՆ պետքարտուղարությունը 2000թ. հիմնել է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը համամարդկային մշակութային ժառանգությունը նշանավորելու ու երկրների ու ժողովուրդների մերձեցման համար ճանապարհ հարթելու նպատակով: Հիմնադրամի միջոցով ամեն տարի ֆինանսավորվում են եզակի մշակութային արժեքների պահպանության մի շարք ծրագրեր աշխարհի տարբեր վայրերում:
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում ծրագրեր իրականացվել են 2005թ.-ից, մասնավորապես՝ հնագիտական գտածոների պահպանություն Արենու քարանձավում, աշխատանքներ Դաշտադեմի ամրոցում, Նորատուսի միջնադարյան գերեզմանոցի և այնտեղ առկա խաչքարերի քարտեզագրում ու ցուցակագրում, Գառնու միջնադարյան կամրջի պահպանություն և հայկական ավանդական պարերի ու երաժշտության հավաքագրում-փաստագրում: Այս տարի ավելի վաղ՝ աշնանը, Հիմնադրամի կողմից 450.000 ԱՄՆ դոլար շնորհվեց Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցու վերակառուցման ու պահպանության համար:
«Մշակույթը, արվեստը, ավանդույթներն օգնում են վեր հանել Հայաստանի ինքնատիպությունը: Ամերիկացիները կիսում են մշակույթի հանդեպ այս սերը: Պահպանելով այս հայկական գանձերը՝ մենք ոչ միայն օգնում ենք մեր ժողովուրդների մերձեցմանը, այլ նաև պահպանում ենք այս ինքնատիպ արժեքներն ապագա սերունդների համար», - ասել է դեսպան Միլսը:
Հարակից հրապարակումներ`
- Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման աշխատանքները գտնվում են տեխնոլոգիական դադարի փուլում
- Հակոբյանի «Սարերումը» պետք է վերականգնվի ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հաշվին
- Կվերականգնվի Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան