Հենրիխ Մխիթարյան. «Եթե հայրս կենդանի լիներ, միգուցե փաստաբան կամ բժիշկ լինեի»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան theplayerstribune.com-ին տված հարցազրույցում խոսել է մի շարք թեմաների մասին, ինչպես նաև պատմել, թե ինչպես ստացվեց նրա` անգլիական ակումբ տեղափոխությունն այն դեպքում, երբ ամեն ինչ հիանալի էր ընթանում Դորտմունդի «Բորուսիայում»
«Անցած ամառ գործակալս զանգահարեց և ասաց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ինձնով: Դա զարմացրեց ինձ: Երբ երազանքներդ այդքան մոտ են իրականանալուն, սկզբում իրական չեն թվում: Մի քանի օր անց «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրվածությունը հաստատվեց, երբ զանգ ստացա Էդ Վուդվարդից` նրանց գործադիր տնօրենից: Նա ասաց, որ ակումբն իսկապես հետաքրքրված է ինձնով: Կարող եք պատկերացնել, թե ինչքան ոգևորված էի այդ հնարավորությամբ:
Մինչ գործակալս և ակումբը բանակցություններ էին վարում տրանսֆերի շուրջ, ես ժամանակ ունեի ծանրութեթև անելու տարբերակներս: «Բորուսիայում» լավ իրավիճակը թողնելը և «Յունայթեդում» հաջողության հասնելը մարտահրավեր կլիներ, բայց ես չէի ցանկանում ծեր տարիքում նստել աթոռիս և ափսոսալ չարածներիս համար: Ես պատրաստ էի տեղափոխվելուն»,- պատմել է Մխիթարյանը:
Հայ ֆուտբոլիստի խոսքերով, երբ գործարքը կայացավ, նա միայն այդ պահին հասկացավ ու գիտակցեց, որ մեծ տեղափոխությունը Պրեմիեր լիգա իսկապես տեղի էր ունենում:
«Երբեք չեմ մոռանա այդ պահը, ոչ էլ կմոռանամ այն օրը, երբ հագա «Մանչեսթեր Յունայթեդի» կարմիր մարզաշապիկն ակումբի հետ իմ առաջին մարզումից առաջ: Այնքան երջանիկ և հպարտ էի այն ամենի համար, ինչին հասել էի կարիերայիս ընթացքում: Ազնիվ կլինի ասել, որ Մանչեսթերում իմ կյանքի սկիզբը կատարյալ չէր: Բայց շատ անգամ է պատահել, որ խնդիրներ եմ ունեցել, բայց երբեք չեմ հանձնվել: Կշարունակեմ աշխատել ամեն օր, որ կարողանամ օգնել թիմին հասնելու հաջողության»,- ասել է Մխիթարյանը:
Հենրիխը նշել է, որ «Օլդ Տրաֆորդը» սոսկ մարզադաշտ չէ, դա բեմ է, և եթե հայրը` Համլետ Մխիթարյանը կենդանի լիներ, կարողանար տեսնել իրեն այդ բեմի վրա և հպարտանալ:
«Եթե նա դեռ կենդանի լիներ, միգուցե այժմ ես փաստաբան կամ բժիշկ լինեի: Փոխարենը ես ֆուտբոլիստ եմ: Իմ խաղաոճը շատ տարբեր է հորս խաղաոճից: Նա արագաշարժ հարձակվող էր` հզոր հարվածով: Իմ խաղը շատ ավելի տեխնիկական է: Բայց Հայաստանում շատ մարդիկ ասում են ինձ, որ ճիշտ հորս նման եմ, երբ վազում եմ»,- ասել է հայ ֆուտբոլիստը: