Արցախում տուն կառուցելու համար մինչև 3 մլն դրամ անհատույց աջակցություն ստացող ամուսինների շրջանակը մեծացվել է
Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որի ընթացքում կառավարության նախկին որոշումներում կատարված փոփոխություններով սահմանվել է. «ԼՂՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամներին, ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն տրամադրման ընթացքում՝ ֆինանսավարկային կազմակերպության և պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի միջև կնքված համագործակցության պայմանագրով հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման համար նախատեսված վարկի տոկոսադրույքը չգերազանցի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը՝ ներկայիս գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոխարեն»:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ բնակելի տուն կառուցելու համար մինչև 3 000 000 ՀՀ դրամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կստանան նաև 18-40 տարեկան ամուսիններից կազմված այն ընտանիքները, որոնցում ամուսիններից մեկն է գյուղական կամ քաղաքային բնակավայրում վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես բնակվել:
Կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս ծրագիրը շատ արդյունավետ է, և տարեցտարի ընդլայնվում է դրանից օգտվողների շրջանակը. «Տարիքային սահմանափակմանը զուգահեռ, հետագայում վերանայվելու է նաև տրամադրվող գումարի չափը, և գյուղական բնակավայրում տուն կառուցողները ավելի մեծ աջակցություն են ստանալու: Սրանով փոքր-ինչ հավասարություն կապահովվի գյուղաբնակների և քաղաքաբնակների միջև՝ բնակարանային խնդրի վերացման նպատակով պետական աջակցություն ստանալու տեսանկյունից»: