Ռոբոտների համաշխարհային համաժողովը Ճապոնիայում
2020 թվականին Ճապոնիայում ռոբոտների համաշխարհային համաժողովի շրջանակում մոլորակի տարբեր անկյուններից բերված ռոբոտները կմրցեն գործունեության տարբեր՝ արտադրական, ծառայությունների մատուցման, տարերային աղետների դիմակայման ենթակառուցվածքների ոլորտներում: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ նման ժամաժողով աշխարհում առաջին անգամ է անցկացվում:
«Մենք ցանկանում ենք ստուգել, թե ինչպես են գործելու ռոբոտներն ապագայի հասարակության մեջ և թե ինչպես է դրա արդյունքում փոխվելու կյանքը»,- նշել է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Հիրոսիգե Սեկոն:
Համաժողովին մասնակցելու են հրավիրվում համալսարաններ, գիտական ինստիտուտներ ու ձեռնարկություններ, որոնց ստեղծած ռոբոտները պետք է իրենց հմտությունները ցուցադրեն ոչ միայն ապրանքների արդյունաբերական արտադրության ոլորտում, այլև այնպիսի պարզ գործերում, ինչպիսին են տանն իրերը դասավորելը, սանհանգույցների մաքրումը, դարակների վրա ապրանքների տեղադրումը և այլն:
Տարերային աղետների ու վթարների հետևանքների վերացման հետ կապված ռոբոտներին տրվելու է 2 առաջադրանք՝ գտնել ու փրկել նավթարդյունահանող գործարանում և թունելում տեղի ունեցած վթարներից տուժածներին: