Առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն այսուհետ հնարավոր կլինի ստանալ առցանց
2016 թվականի դեկտեմբերից տասնյակ հազարավոր ընտանիքներ կարող են առցանց դիմել և իրենց հաշվեհամարին ստանալ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն առանց սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոններ այցելելու կամ անհարկի տեղեկանքներ ներկայացնելու:
Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ու Համաշխարհային բանկի աջակցության շնորհիվ:
«Ներդրված համակարգն առաջին քայլն է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացման ուղղությամբ ու սա շարունակական գործընթաց է լինելու: Ստացվում է, որ նպաստներից ծննդյան նպաստի իրավունքն առաջին ու երկրորդ երեխաների ծննդյան դեպքում քաղաքացին հնարավորություն է ստանում իրացնելու առանց տարածքային կենտրոն այցելելու, առանց բոլոր այն քաշքշուկների, թղթաբանության, պաշտոնատար անձանց հետ շփումների, որոնցից շատ դժգոհություններ ենք միշտ լսում մեր քաղաքացիներից»,- համակարգի հանրային շնորհանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարը նշեց, որ պետք է հստակ ամրագրել՝ այս ձևաչափով իրավունքի իրացումը հնարավոր է բացառապես այն դեպքերում, երբ բոլոր անհրաժեշտ տվյալները պետական մարմինների կողմից տարվող տեղեկատվական շտեմարաններում առկա են:
Արտեմ Ասատրյանը նաև տեղեկացրեց, որ եթե չկան տեղեկատվական շտեմարանում համապատասխան տվյալներ, թեկուզ, մեկ տվյալ, դա հնարավոր չէ իրականացնել, որովհետև տվյալ դեպքում անհրաժեշտ է քաղաքացու այցը, համապատասխան թուղթ ներկայացնելը և այլն. «Առաջիկայում նախատեսում ենք ևս մեկ կարևոր քայլ անել կենսաթոշակների և մյուս նպաստների համակարգում»:
ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշամի խոսքով՝ այս համակարգի ներմուծման շնորհիվ բազմաթիվ ձեռբերումներ կգրանցվեն, հատկապես, միանվագ նպաստի համակարգի ներմուծման հարցում. «Տվյալ համակարգի շնորհիվ էական բարձրանում է թափանցիկությունը նպաստի տրամադրման գործունեության ընթացքում»:
Սպասվում է, որ 2017 թվականին առցանց դիմումների համակարգը հնարավոր կլինի կիրառել նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքերում: