«Անտարես»-ի տնօրենի ահազանգի հիման վրա ՊԵԿ-ում ծառայողական քննություն է նշանակվել
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում օրերս հայտարարել էր, որ ինչ-որ մեկը զանգահարել էր իրեն, ներկայացել «հարկայինից» և պահանջել կանխավճար:
«Այսօր, իննանց հիսուն րոպե Ռոբերտը (ազգանունը չեմ հիշում) զանգահարեց, ասեց, որ հարկայինից է ու կանխավճար է ուզում։ Պատասխանեցի, որ եթե նա կարծում է իր զանգը օրինական է, ապա թող գրավոր դիմի, իսկ հակառակ դեպքում՝ դիմի դատախազություն։ Գիտեմ, որ չի դիմելու։ Խնդրում եմ, գրառումս ընկալել, որպես հայտարարություն հանցանքի մասին», -գրել էր Մարտիրոսյանը՝ հրապարակելով Ռոբերտ անունով ներկայացած անձի հեռախոսահամարը:
Panorama.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՊԵԿ լրատվական ծառայություն՝ հետաքրքրվելով, թե ՊԵԿ-ում սա ընդունվա՞ծ գործելաոճ է և արդյոք նման աշխատակից ունի ՊԵԿ-ը և արդյոք այս կերպ աշխատելը ճիշտ է:
Ի պատասխան ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնել են ընդամենը հետևյալը.
««Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ գրառման հիման վրա ՊԵԿ-ում նշանակվել է ծառայողական քննություն, որը դեռևս ընթացքի մեջ է: Դրա ավարտից հետո արդյունքների մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»: