Լավաշի համար ՅՈՒՆԵՍԿՕ հայտ են ներկայացրել Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեն մեկ անգամ ևս լավաշ հացին առնչվող մշակույթ է ներառել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ։ Որոշումը կոմիտեն նոյեմբերի 30-ին ընդունել է Եթովպիայում գումարած իր նստաշրջանում։
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, հայտն այս անգամ ներկայացրել էին Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ցանկում գրանցումն այսպիսին է՝ «Տափակ հաց թխելու և հյուրասիրելու մշակույթ՝ լավաշ, քաթըրմա, ժուպկա, յուֆկա» ( այս երկրներում հացի տափակ տեսակի՝ ընդունված անվանումներն են)։
2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի նույն կոմիտեն Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ է ընդգրկել հայկական լավաշը։ Հայտը ներկայացրել է Հայաստանը, ցանկում գրանցումն այսպիսին է՝ «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում»։
«Պատմությունն իր հերթին գալիս է փաստելու, թե աշխարհագրորեն ինչպես է տարածվել և ինչ ճանապարհ է անցել հայկական լավաշը հազարամյակների ընթացքում»,- նշված է մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն ներառված է Հայաստանի կողմից ներկայացված չորս մշակութային արժեք՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում»:
ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդկային հիշողությունը» ցանկում ընդգրկված է Հայաստանի կողմից ներկայացվածերեք մշակութային արժեք ՝ «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը», Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ամբողջ հավաքածուն, «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը»:
ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ցայսօր ընդգրկված են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Գեղարդավանքը Ազատ գետի հովտով, Էջմիածնի եկեղեցիներն ու Մայր տաճարը, ինչպես նաև Զվարթնոց հնավայրը:
Հարակից հրապարակումներ`
- Հաջորդ տարի քննարկվելու է քոչարի պարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու հայտը
- Ադրբեջանը՝ այլ ժողովուրդների մշակութային տարրերը յուրացնելու ճանապարհին
- Կաժոյան. Զբոսաշրջիկները նախ ուշադրություն են դարձնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված հուշարձաններին
- Քոչարին հնարավոր է համալրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան