Կելցում կբացվի հայկական մշակույթի ցուցահանդես. պատմում է լեհ հայագետը
Լեհաստանի Կելց քաղաքի Ազգային թանգարանի միջմշակութային երկխոսության բաժնում դեկտեմբերի 6-ին բացվելու է «Հայկական արվեստանոց - մանրուքների արվեստը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչ, թանգարանի պատմության բաժնի ղեկավար Պավել Գժեշիկի խոսքերով՝ ցուցահանդեսում ներկայացվելու են հայկական արվեստի ինքնատիպ նմուշներ` գորգեր, գոտիներ, սուսերներ, հին ձեռագրեր և հայատառ գրություններ: Ցուցադրվելու են նաև հայկական միջնադարյան ճարտարապետությունը ներկայացնող լուսանկարներ, որոնք Պավել Գժեշիկն անձամբ է արել Հայաստանում:
Ցուցադրության նմուշները հավաքված են Կելցի և Կրակովի ազգային թանգարաններից, Վարշավայի Թագավորական ամրոցից և Ազգային գրադարանից, ինչպես նաև Վարշավայում Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամից: Ցուցահանդեսը կազմակերպվում է Լեհաստանում Հայաստանի դեսպանի հովանու ներքո:
«Կելցում ներկայումս կա մոտ 100-հոգանոց հայկական համայնք: Լեհերն ընդհանրապես հետաքրքրվում են Հայաստանի ու հայկական մշակույթով: Կելցում մարդիկ շատ բան չգիտեն հայերի մասին, բայց ես մի քանի դասախոսություն եմ կարդացել լեհահայերի պատմության մասին և միշտ նկատել եմ մեծ հետաքրքրություն այդ թեմաների հանդեպ: Այսօր իմ կարծիքով տեղի է ունենում հայոց պատմության վերածնունդ Լեհաստանում – պարբերաբար լույս են տեսնում նոր հրատարակություններ, կազմակերպվում են ցուցահանդեսներ և միջոցառումներ հայկական մշակույթի վերաբերյալ», - ասում է Պավել Գժեշիկը:
Խոսելով իր անհատական ճանապարհի մասին՝ Պավելը պատմում է, որ սկսել է հետաքրքրվել հայոց պատմությամբ և մշակույթով այն ժամանակ, երբ իր ծանոթներից մեկը` լեհահայ Ակցենտովիչների ընտանիքից, պատմել է նրան իր հոր` Գժեգոշ Ակցենտովիչի մասին, ով Կելցի արհեստների պալատի տնօրենն էր Առաջին համաշխարհային պատերազմից առաջ: Հետագայում Պավելը հոդված է գրել Գժեգոշ Ակցենտովիչի և նրա հայկական արմատների մասին:
«Այսպիսով, այդ մեկ մարդու պատմությունն իմանալուց հետո ինձ սկսեց հետաքրքրել լեհահայերի, ինչպես նաև ողջ հայ ժողովրդի պատմությունը: Ես այնուհետև սկսեցի կադալ գրքեր հայոց պատմության մասին և սկսեցի հիանալ դրանով», – պատմում է Պավելը: Նա արդեն հինգ տարի է, ինչ ուսումնասիրում է հայագիտություն և մասնավորապես լեհահայության մշակույթը:
«Ինձ մեծապես հետաքրքրում է հայոց պատմությունն ու մշակույթը, որովհետև այն շատ հարուստ է և ինքնատիպ` որպես համաշխարհային ժառանգության մի կարևոր մաս: Հայկական մշակույթն իր ազդեցությունն է ունեցել լեհական մշակույթի վրա` հատկապես ժամանակակից շրջանի սկզբում: Դրա օրինակներից է այն, թե ինչպես են հայերը գրել և բազմացրել հին ձեռագրերը Լեհաստանում, որոնք զարդարված էին հայկական զարդերով և նշաններով: Հայերի շնորհիվ այդ ոճն օգտագործվում էր նաև կաթոլիկ ձեռագրերի մեջ: Այս ցուցահանդեսով ես ուզում եմ մարդկանց տեղեկացնել Կելցի թանգարանի հավաքածուներում հայերին վերաբերող նյութերի մասին», – ասում է Պավել Գժեշիկը:
«Հայկական արվեստանոց – մանրուքների արվեստը» ցուցահանդեսը Կելցում կգործի դեկտեմբերի 6-ից մինչև 2017թ.-ի ապրիլը:
Պավել Գժեշիկը Սանահին վանական համալիրում, Հայաստան