Քննարկվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ընթացքը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի երրորդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող «Ռոսատոմ» ընկերության տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի և «Ռոսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի հետ։ Այս մասին հայտնում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված հարցերը։ Կողմերն անդրադարձել են իրականացվող աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին։
Նշվել է, որ առաջին փուլի միջոցառումները հաջողությամբ ավարտվել են։ Աշխատանքներ են տարվում հաջորդ փուլերի իրականացման ուղղությամբ։
Հաշվի առնելով ՀԱԷԿ-ի նշանակությունը Հայաստանի էներգետիկ համակարգի համար՝ կարևորվել է նախատեսված ժամանակացույցի համաձայն միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։
Նախարարությունից հիշեցնում են, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից հատկացված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։