Արյունաբանական կենտրոնն իր սարքավորումներով համեմատելի է արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ. Սմբատ Դաղբաշյան
Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը «Երկրի հարցը» հաղորդաշարի շրջանակներում անդրադառնալով այն թեմային՝ արդյոք կենտրոնը եզակի՞ է տարածաշրջանում, նշել է, որ տարածաշրջանային համարվելու համար կենտրոնը պիտի ունենա համապատասխան որակավորում, որը տալիս է համաշխարհային կոմիտեն: Մինչ այդ կենտրոնը պետք է փոխպատվաստման 5 հաջողված դեպք ունենա, իրականացրած լինի առնվազն 10 փոխպատվաստում:
«Սակայն տարածաշրջանային կենտրոն դառնալու համար բոլոր պայմաններն առկա են և հետևողական քայլեր կիրականացվեն այդ ուղղությամբ»-նշել է Դաղբաշյանը:
Ինստիտուտի ղեկավարի խոսքով՝ արվել է առավելագույնը և կենտրոնը իր սարքավորումներով, ամբողջ կառուցվածքով այսօր արդեն համեմատելի է արտերկրի առաջատար կլինիկաների հետ:
«Բաժանմունքն ունի 7 մահճակալ, 3-ը՝ մանկական, 4-ը՝ մեծահասակների: Այսօրվա դրությամբ բաժանմունքում կա 60 հիվանդ, որոնցից շուրջ 15-ը երեխաներ են և սպասում են իրենց փոխպատվաստումներին, որոնք, Դաղբաշյանի փոխանցմամբ, բավականին թանկ են: Արտերկրում դրանք մինչև 200 հազար դոլարի են հասնում, Հայաստանում այն կազմելու է աուտոփոխպատվաստման համար մինչև 12 միլիոն դրամ, իսկ ալոփոխպատվաստման համար մինչև 21 միլիոն դրամ»,- նշել է նա:
Սմբատ Դաղբաշյանն անդրադարձել է նաև անապահով ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագրերին՝ նշելով, որ թեև կենտրոնի կողմից իրականացվող վիրահատությունները բավական թանկ արժեն, սակայն իրենք այժմ աշխատում են նախարարության հետ, դիմել են վերջիններիս, որ երեխաների փոխպատվաստման դեպքում լինի պետական որոշակի աջակցություն. «Գիտենք նաև, որ բազմաթիվ ֆոնդեր են գործում Հայաստանում, ինչպես՝ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որն այս բոլոր տարիների ընթացքում երեխաների կողքին է: Եվ ընդհանրապես, այս ամբողջ ծրագիրը եղել է հիմնադրամի և նրա հոգաբարձուների խորհրդի նախագահ տիկին Ռիտա Սարգսյանի անմիջական հովանու ներքո», - մանրամասնել է Դաղբաշյանը:
Անդրադառնալով արյան հիվանդություններով տառապողների թվի աճին՝ հյուրն առանձնացրել է այն հիմնական գործոնները, որոնք նպաստում են նման հիվանդությունների զարգացմանը: Ըստ մասնագետի՝ առաջին և հիմնական պատճառը ճառագայթումն ու բարձր ռադիացիան է, որին հաջորդում է անորակ, այլ կերպ ասած՝ գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը, որն առկա է նաև մեզ մոտ:
Ցանկացած պարագայում կենտրոնի ղեկավարը խորհուրդ տվեց հետևողական լինել առողջության պահպանման հարցում և պարբերաբար հաճախել բժշկի, իսկ որոշակի տարիքից, օրինակ՝ 40-ից հետո, տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել: