Զինված խմբի գործով նախաքննական մարմնի ապօրինությունները ջրի երես կբերենք. Փաստաբան
Զինված խմբի գործով մեղադրյալ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը որևէ կապ չունի իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի հետ,- այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայատարարեց Ավետիսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
Ավետիսյանին առաջադրվել է մեղադրանք, այն բանի համար, որ նա 2015թ. մայիսից հետո, Գառնիկ Մարգարյանի միջոցով անձնապես ծանոթանալով Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, ստանձնել է մասնակցել վերջինի կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` այդպիսով նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:
Ըստ մեղադրանքի, այդ նպատակը նա չի կարողացել իրականացնել, քանի որ վնասազերծվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Փաստաբանը քրեական գործի մանրամասների մասին ոչինչ չասաց, միայն նշեց, որ դատավարության ընթացքում «ջրի երես» են բերելու նախաքննական մարմնի ապօրինությունները:
«Կիմանաք ամբողջը ու նաև նախաքննական մարմնի ապօրինությունները ջրի երես ենք բերելու: Հիմա չեմ ուզում խոսել այդ ապօրինությունների մասին, դրանց մասին կլսեք դատարանում, նիստի ժամանակ», -ասաց Հովհաննիսյանը:
Նկատենք՝ այս քրեական գործով նախաքննությունն իրականացրել է ԱԱԾ քննչական վարչությունը:
Նա չժխտեց, ասաց, որ Խաչիկ Ավետիսյանի տնից «5-6 պատրոններ» հայտնաբերվել են, բայց դա չի նշանակում, թե Ավետիսյանը հանցավոր համագործակցության մեջ է եղել զինված խմբի հետ, իշխանությունը յուրացնելու փորձ, ինչպես մեղադրանքն է:
Փաստաբանն ասաց, որ այժմ գործի նյութերի հետ կապված ուսումնասիրություններ է իրականացնում, որպեսզի հետագայում դատարան ներկայացվելիք միջնորդությունները հիմնավորված լինեն:
Այսօր Նորք Մարաշ վարչական շրջանում նախորդ տարի հայտնաբերված և վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը մեկնարկեց և անմիջապես էլ հետաձգվեց. Հիվանդության պատճառով չէր ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, իսկ ամբաստանյալներից երկուսի հանրային պաշտպանները նոր էին ներգրավել գործին և դատարանից ժամանակ խնդրեցին գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը բավարարեց նրանց միջնորդությունը և որոշվեց նիստը հետաձգել մինչև հաջորդ տարի հունվարի 13-ը:
Հարակից հրապարակումներ`
- «Ամեն ինչ շինծու է». Զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց
- Լարված իրավիճակ դատարանում` զինված խմբի գործով դատավարությունից առաջ
- Այսօր մեկնարկում է զինված խմբի գործով դատավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան