«Ամեն ինչ շինծու է». Զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նոր Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը մեկնարկեց ու շատ արագ էլ հետաձգվեց:
Նախ նիստը սկսեց մեկ ժամ ուշացումով, քանի որ դատական կարգադրիչները սահմանափակում էին լրագրողների մուտքը նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե տեղ չկա: Սակայն դատական դեպարտամենտի ու դատարանի աշխատակազմի հետ բանակցությունների արդյունքում թույլ տրվեց լրագրողներին ներս մտնել, բայց ներսում էլ նկարահանումներ կատարելու հնարավորություն գրեթե չկար՝ տեխնիկան հարմարեցված չէր, դատավորի ձայնն էլ չէր լսվում:
Այդուհանդերձ, նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը ներկայացրեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը: Այս գործով ամբաստանյալները 20-նն են: Դատական նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ ամբաստանյալներից Վահան Շիրխանյանը չի ներկայացվել դատարան, իսկ ամբաստանյալներից երկուսի պաշտպանությունն իրականացնելու համար ներգրավել են նոր հանրային երկու պաշտպաններ:
Վերջինները՝ Մարինե Ֆարմանյանը և Մերի Ալավերդյանը, դատարանից մեկ ամիս ժամանակ խնդրեցին՝ 30-ից ավելի հատորանոց քրեական գործի նյութերին ծանոթանալու համար:
Քանի որ ամբաստանյալը դատական նիստին չէր ներկայացել, օրենսդրության համաձայն, դատավորը հետաձգեց դատական նիստը: Բացի այդ, հանրային պաշտպանները միջնորդեցին հետաձգել նիստը: Եվ կողմերի համաձայնությամբ որոշվեց հաջորդ նիստը անցկացնել հունվարի 13-ին:
Նիստը հետաձգվելուց հետո, երբ դատավորը դուրս եկավ դահլիճից, գործով գլխավոր մեղադրյալ և զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը ի պատասխան լրագրողների հայտարարեց, որ ինքը չի ընդունում մեղադրանքը ու հավելեց.
«Եթե Արցախին, հայ ազգին, Հայաստանին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ: Իսկ իշխանությունը եթե պատկանում է ժողովրդին, անհնար է բռնազավթել»:
Դատարանի նիստերի դահլիճից դուրս գալուց հետո այս գործով ամբաստանյալ հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանը, որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է:
Հարցին, թե արդյոք նա ֆինանսավորել է զինված խմբին, հայր Անտոնը պատասխանեց. «Ամեն ինչ շինծու է, ես ոչինչ չեմ ընդունում»:
Քրեական գործի վերաբերյալ մյուս հարցերին ի պատասխան, հոգևորականը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա և ոչ մի բան չեմ ընդունում»:
Հարցին, թե արդյոք նա Արթուր Վարդանյանին ճանաչում է, հոգևորականը պատասխանեց. «Մեր ռադիոյում նա հարցազրույց ունեցավ երբ Քեսապը ազատեց: Ես Արթուրին ճանաչում եմ, որովհետև ինքը Քեսապը ազատեց»:
Հարցին, թե ինքը տեղյա՞կ է եղել, որ զինված խումբը նպատակ է ունեցել շենք-շինություններ գրավել, հայր Անտոնը պատասխանեց. «Ի՞նչ ապուշ խոսք»: Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել:
Այս գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է, և նա չի կարողանում երկար ժամանակ նստել:
«Իր վերաբերյալ և առանց իրեն դատավարություն չի կարող անցկացվել: Եթե կարող են պատգարակով բերել, ամեն ինչ նորմալ կլինի», -ասաց Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լարված իրավիճակ դատարանում` զինված խմբի գործով դատավարությունից առաջ
- Այսօր մեկնարկում է զինված խմբի գործով դատավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան