Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրության նախագծին:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշել է, որ ռազմավարության նպատակն է պետության աջակցությամբ գիտատեխնիկական և արտադրատեխնոլոգիական ներուժի վերածումը նորարարական գործուն միջոցի, որը կնպաստի ռազմական արդյունաբերական համալիրի կազմակերպությունների արտադրանքի մրցունակության ապահովմանն ու արտահանման կազմակերպմանը: Փախչանյանն ընդգծել է, որ փաստաթուղթը մշակվել է ՀՀ անկախության տարիների ընթացքում ձեռք բերված փորձի, ինչպես նաև ապրիլյան դեպքերի վերլուծության հիման վրա:
Նա նշել է նաև, որ դրա նպատակն է խթանել ռազմական արդյունաբերության զարգացումը, խրախուսել նորագույն տեխնոլոգիաների ներմուծումն ու մշակումը, և դրանց հիման վրա զարգացնել հարակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև կազմակերպել տեղական արտադրություններ: Փաստաթղթում ՀՀ ռազմատեխնիկական քաղաքականության զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով կարևորվել է գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի զարգացումը, ՀՀ ԶՈՒ-ի գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրումը, որը կմշակի ՀՀ ԶՈՒ-ի պահանջարկին համապատասխան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մարտավարատեխնիկական առաջադրանքները և դրանց իրականացման համար անհրաժեշտ ելակետային տվյալները:
Ռազմավարության նպատակներից է ռազմատեխնիկական քաղաքականության ուղղություններով պետական, ինչպես նաև ոչ պետական բաժնեմասերով հոլդիգների, կոնցեռնների ձևավորումը՝ նրանցում պարտադիր ստեղծելով կամ ընդգրկելով համապատասխան գիտահետազոտական կառույց: Փաստաթղթի հիմնական խնդիրն է ռազմատեխնիկական քաղաքականության զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի ստեղծումը, որը գիտահետազոտական զարգացման և ռազմագիտահետազոտական ինստիտուտի կանխատեսումների հիման վրա կմշակի և կիրականացնի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման երկարաժամկետ պլանավորում՝ նորարարական աշխատանքների համար: Դավիթ Փախչանյանի խոսքով՝ ազգ-բանակ բանաձևն ընդունելով որպես նպատակ, անհրաժեշտ է վերանայել ՀՀ կրթական գործընթացը՝ դպրոց-բուհ-արտադրություն-գիտություն կապը վերածելով այն գիտակրթական համալիրի, որը կնպաստի կադրերի ապահովմանը:
Փաստաթղթում նշված են նաև ՀՀ ռազմարդյունաբերական քաղաքականության գերակա ուղղությունները մինչև 2020 թվականը, իսկ մի շարք դրույթների հետ կապված աշխատանքներ արդեն իսկ տեղ են գտել կառավարության ընդունած որոշումներում կամ էլ գտնվում են մշակման ու իրականացման փուլում: Օրինակ, մի շարք դրույթներ, որոնք միտված են ընկերությունների զարգացմանը, տեղ են գտել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2016 թվականի որոշումներից մեկում:
Ներկայացված փաստաթուղթը համակողմանի քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, շահագրգիռ գերատեսչություններում, ռազմական պատվեր կատարող կազմակերպություններում, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը և ռազմատեխնիկական քաղաքականությանը վերաբերող այլ հարցերի ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին