Հերթական հակակոռուպցիոն կառույցի ստեղծումով կոռուպցիան չի վերանա. վարչապետ
Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է արդար, հավասար, մրցունակ դաշտ ստեղծել գործարար, աշխատող մարդու համար: Սակայն այսքանը բավարար չէ, պետք է որոշակի խթանող դերակատարում,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում հարցուպատասխանի ժամանակ:
Հարցուպատասխանը հեռարձակվում է ուղիղ եթերով:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ են նաև հարկային բարեփոխումներ: Թեև Հարկային օրենսգիրքը նոր է ընդունվել, բայց վարչապետը տեղյակ է դժգոհություններին. «Ասում են՝ սպիտակ դաշտում աշխատողի բեռը բարձրացնում եք, ստվերին որևէ վերաբերմունք ցույց չեք տալիս: Դրա մեջ գուցեև որոշակի ճշմարտություն լինի, բայց մենք հասկանում են՝ եթե ստվերի դեմ չպայքարենք, մենք ուղղակի ապագա չունենք: Պետք է բիզնեսի հետ հետադարձ կապի մեջ լինենք, լսենք ցանկությունները, թե ինչ բարեփոխումներ են պետք հարկային դաշտում»:
Վարչապետը նաև ասաց, որ կառավարության առաջնահերթ խնդիրն է հետադարձ կապ ստեղծել հասարակության հետ, որպեսզի ազդակները, որ ուղարկում է գործադիրը հասարակությանը, որոշակի ոգևորություն առաջացնեն:
«Եթե բիզնեսը չարձագանքի, քաղաքացին չարձագանքի, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում չձևավորվի, իրավիճակ փոխելը բարդ է լինելու»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նա նշեց, որ չի կարծում, թե հերթական հակակոռուպցիոն կառույց ստեղծելով՝ կոռուպցիան կվերանա:
«Պետք է միջավայրը փոխենք, մրցունակ, արդար դաշտ ստեղծենք բիզնեսում, լինի թափանցիկություն գնումների, վարկային միջոցների տրամադրման գործընթացում: Եթե այդ միջավայրը փոխում ենք, կոռուպցիայի համար միջավայրը դառնում է դժվար, ապա դա լավագույն պայքարն է կոռուպցիայի դեմ»,- ասաց կառավարության ղեկավարը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն բանին, երբ կառավարության անդամներից մեկը կամ մի քանիսը բիզնես ունեն, ընդ որում այն ոլորտում, որը ղեկավարում են, Կ. Կարապետյանն ասաց, որ բավականին բարդ հարց է մանավանդ այս փուլում:
«Վերջ, առաջ դա պետք է բացառվի: Այսօր պետական ծառայողի աշխատավարձերն այնպիսին են, որ լավ մասնագետ հրավիրելն այնտեղ բավականին բարդ է: Աշխատավարձի համակարգը պետք է լինի մոտիվացնող, որպեսզի պետական ծառայողը կարողանա արժանավայել պահել իր ընտանիքը»,- ասաց վարչապետը:
Պատասխանելով հարցին, թե՝ քանի որ տնտեսության արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է անկախ դատական համակարգ, ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ, կառավարության ղեկավարն ասաց. «Դատաիրավական համակարգում պետք է իրականացնել բարեփոխումներ: Ինչքան մոտ ժամանակում կկարողանանք դա անել, չեմ կարող ասել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան