Խավի. «Կմարզեմ «Բարսելոնը», երբ Պիկեն կդառնա ակումբի նախագահ»
«Բարսելոնի» նախկին ֆուտբոլիստ Խավին հոգով և սրտով կատալոնյան թիմի հետ է և շարունակում է աջակցել իր նախկին թիմակիցներին: Այս մասին տեղեկացնում է Cope.es-ը:
«Շարունակում եմ շփվել «Բարսելոնի» մի շարք ֆուտբոլիստների հետ: Լավ հարաբերությունների մեջ եմ Բուսկետսի, Ալբայի, Ինյեստայի, Մեսսիի, Մասկերանոյի, բժիշկների և թիմի այլ աշխատակիցների հետ: Լեոն ինձ ոչինչ չի ասել պայմանագրի երկարաձգման հետ կապված, բայց ես տեսնում եմ, որ նա երջանիկ է, իսկ նրա ընտանիքն իրեն լավ է զգում Կատալոնիայում: Նա լավ գիտի, որ «Բարսան» աշխարհի լավագույն թիմն է: Չեմ տեսնում Մեսսիին որևէ այլ ակումբում: Եթե խաղադրույք կատարեի, ապա ոչ այս իրադարձության վրա:
Իմ երազանքը, կամ, ավելի հստակ, ցանկությունն այն է, որ «Բարսան» կրկնի «Բավարիայի» ճանապարհը: Կարծում եմ, մյունխենյան ակումբն օրինակ է շատերի համար, երբ փորձառու ֆուտբոլիստները որևէ պաշտոն են ստանձնում թիմում` միաժամանակ օգտակար լինելով իրենց ֆուտբոլային գիտելիքներով և փորձով: Օրինակ, Պիկեին տեսնում եմ կատալոնյան թիմի նախագահի պաշտոնում: Այդ դեպքում ես կդառնամ «Բարսելոնի» գլխավոր մարզիչը»,- նշել է Խավին: