«Շոկոլադի բանկ»-ը հավաքագրում է կոնֆետներ գյումրեցի երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը, որի շրջանակներում հավաքագրվում են կոնֆետներ, քաղցրավենիք՝ Գյումրիի «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասում բնակվող երեխաների համար ամանորյա փաթեթներ պատրաստելու համար: Panorama.am-ի հետ զրույցում Հայ օգնության ֆոնդի աշխատակից, «Շոկոլադի բանկ» նախաձեռնության անդամ Աննա Գրիգորյանն ասաց, որ նախաձեռնության նպատակն է հանրության ուշադրությունը ուղղել Գյումրու տնակներում ապրող անապահով ընտանիքների խնդիրների վրա:
Նա հիշեցրեց, որ նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է 2014թ. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաների համար, որի արդյունքում հավաքագրվել էր 500կգ կոնֆետ, ինչպես նաև խաղալիք և հագուստ և բաշխվեց Տավուշի մարզի 9 գյուղի 265 ընտանիքի:
«Սահմանամերձ շրջաններում շատ ծրագրեր են իրականացվում, այս տարի որոշեցինք գյումրեցի երեխաների համար ամանորյա փաթեթներ պատրաստել: Ուզում ենք այս անգամ հավաքել գոնե 1000 կիլոգրամ կոնֆետ»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ ցանկացողները կոնֆետներ կարող են տանել Հայ օգնության ֆոնդի գրասենյակ (Երևան, Խորենացի 22), ինչպես նաև հավելեց, որ արկղեր են տեղադրվելու մի շարք կազմակերպություներում՝ Երևանում և Գյումրիում: Գյումրիում նախաձեռնությանն է աջակցում «Ռոտարի ակումբ»-ը:
Նախաձեռնությունը սկսվել է դեկտեմբերի 1-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 23-ը:
Լուսանկարները՝ 2014-ի ակցիայից: