Զառա Մգոյանն արժանացել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանը
Եզդի երգչուհի Զարիֆա Մգոյանը, ով հանդես է գալիս Զառա բեմական անվամբ, արժանացել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ արարողությունը կայանալու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանում դեկտեմբերի 5-ին, Զառան հանդես է գալու նաև համերգային ծրագրով:
Զառա Մգոյանն արժանացել է պատվավոր կոչմանն՝ ի նշան սահմանափակ կարողություններով երեխաների և մեծահասակների կրթությանն ու կազմակերպության գաղափարներին իր նվիրվածության:
Հանուն խաղաղության ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստները համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործիչներ են, ովքեր իրենց ազդեցությունը, հեղինակությունը ծառայեցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրականացմանը: Համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ նրանք օգնում են լայն հասարակության ուշադրությունը հրավիրել զարգացման տարբեր հարցերի վրա, նաև տեղեկացնում են հասարակությանը կազմակերպության գործունեության մասին: