Նախարարություն. Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել
Հայաստանում 2009թ. տվյալներով համացանցից օգտվում էր 191000 բնակիչ, 2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ ինտերնետ կապին միացած է Հայաստանի բնակչության գրեթե 60 տոկոսը:
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կապի և տեղեկատվայնացման վարչության գլխավոր մասնագետ Արման Գալստյանը նշել է, որ ցանցի շարունակական բարելավման և նոր տեխնոլոգիաների տարածման արդյունքում վերջին 3 տարիներին մեր երկրում ինտերնետ օգտագործողների կայուն աճ է գրանցվում` տարեկան մոտ 5 տոկոս:
Գլոբալ տնտեսական ֆորումի ցեկույցի համաձայն՝ Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել. 144 երկրների ցանկում 2013թ. 82-րդ տեղից 2016-ին բարձրանալով 56-րդ հորիզոնական:
Ինտերնետի զարգացմանը զուգահեռ, առաջանում են նաև նոր մարտահրավերներ. ինչպե՛ս և ի՞նչ գործիքներով պայքարել համացանցում վտանգավոր բովանդակության, իբերտարածության մեջ կատարվող հանցագործությունների, անձնական տվյալների պահպանության իրավունքի ոտնահարման դեմ:
Ցանցը զարգանում է ավելի արագ, քան օրենսդիր մարմինները հասցնում են համապատասխան օրենսդրական ակտեր մշակել։ Դրանից էլ առաջանում է անհրաժեշտություն՝ ունենալ ինտերնետ կառավարման մարմին:
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հայաստանում որոշվել է առաջնորդվել աշխարհում ընդունված բազմաշահառու ինտերնետ կառավարման մոդելով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գխավորությամբ 2014 թվականին ստեղծվել է Ինտերնետ կառավարման համաժողովը:
Այստեղ ներկայացված են ինչպես պետական մարմիններից ու հասարակական կազմակերպություններից, այնպես էլ մասնավոր ընկերություններից ներկայացուցիչներ, ինտերնետ պրովայդերներ: Միջգերատեսչական այս հանձնաժողովի նպատակը կիբերտիրույթում առաջացող խնդիրներն ի հայտ բերելը, քննարկելն ու լուծումներ առաջարկելն է:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանը, ով նաև Ինտերնետ կառավարման հանձնաժողովի քարտուղարն է, նշում է, որ հանձնաժողովի գործառույթը խորհրդատվական է: Սակայն հանձնաժողովի առաջարկությամբ և նախարարության միջնորդությամբ ընդունվեց DDos հարձակումներին վերաբերող որոշում:
«Կառավարությունն ընդունեց որոշում, որով ինտերնետ պրովայդերները պարտավորվում են պետական գերատեսչություններին տրամադրել DDos հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ»,- նշել է Գրիգորի Սաղյանը:
Ինտերնետ կառավարման հանձնաժողովի անդամ Սամվել Մարտիրոսյանն էլ նշել է, երեխաներն առաջին դասարանից պլանշետներով գնում են դպրոց, բայց ոչ ոք նրանց չի սովորեցնում, թե ցանցում ինչպես է պետք աշխատել։
«Ցանցային էթիկետի խնդիրը արդիական է նաև մեծահասակների համար»,- ասել է նա՝ խորհուրդ տալով չբացել անծանոթներից ստացված նամակները, պատահական շփումներ չհաստատել սոցիալական ցանցերում, խուսափել կասկածելի բովանդակությամբ կայքերից. այս ու բազմաթիվ այլ կանոններ նախարարությունն առաջարկում է սովորեցնել երեխաններին հենց դպրոցում: Մտահոգությունները ներկայացվել են նաև Կրթության և գիտության նախարարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Օգտագործելով մարդկանց թուլությունները՝ ամեն օր նոր վիրուսներ են մշակվում. Գրիգորի Սաղյան
- Որ սոցցանցերից են ավելի հաճախ օգտվում Հայաստանում. Սամվել Մարտիրոսյան
- Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն. ՀՀ նախագահ