Գագիկ Ծառուկյանը կմտածի
Այսօր գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տան մոտ հերթական անգամ մեծ թվով մարդիկ են հավաքվել՝ պահանջելով վերադառնալ քաղաքականություն: Այնտեղ են եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն ու անդամները:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այսօր տեղի ունեցած քաղաքական խորհրդի նիստում ԲՀԿ-ն ընդունել էր հայտարարություն, որում մասնավորապես, նշվում էր.
«ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու և մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցը»:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը փոխանցեց, որ Ծառուկյանը մոտեցել է իր տան մոտ հավաքված քաղաքացիներին, պատգամավորներին:
Նաիրա Զոհրաբյանը ընթերցել է քաղաքական խորհրդի հայտարարությունը: Ինչին ի պատասխան, Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանն ասել է, որ հարգանքով է վերաբերվում ԲՀԿ քաղխորհրդի և հավքաված քաղաքացիների ցանկությանը: Բայց վերջնական որոշում Գագիկ Ծառուկյանը չի հայտնել:
«Ասաց, որ կմտածի ու մի քանի օրից կհայտնի իր վերջնական որոշման մասին», -փոխանցեց Իվետա Տոնոյանը: