Թալիշցի դպրոցականները երազում են վերադառնալ իրենց ծննդավայր
Գյուղացիների վերադարձը Թալիշ կարևոր որոշում կլինի,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ալաշանում գործող Թալիշի միջնակարգ դպրոցի զինղեկ Ֆեդյա Ապրեսյանը:
«Ալաշանում շարունակում ենք թալիշցի աշակերտների կրթության ու դաստիարակության գործը: Ճիշտ է, երեխաների հիշողությունից դեռ լիովին չի ջնջվել ապրիլյան ագրեսիայի օրերին ապրած վախը, բայց ինձ թվում է՝ այդ ամենը ժամանակավոր բնույթ է կրում, մանավանդ, որ գյուղի վերականգնման ծրագրում մեծ տեղ է տրվում անվտանգության ապահովմանը»,- ասել է Ապրեսյանը և հավելել, որ եթե նախկինում լինեին այդ պայմաններն, այսօր գյուղից հեռու ապրելու խնդիր չէր ծագի:
«Ամեն դեպքում, ինչպես ժողովրդական ասացվածքը կասեր, լավ է ուշ, քան՝ երբեք: Արդեն սկսվել են Թալիշի վերականգնման աշխատանքները: Ըստ նախագծի՝ գալիք տարվա սեպտեմբերի 1-ից մենք կունենանք ավելի հարմարավետ շենքային պայմաններով ժամանակակից դպրոց, նոր ճանապարհներ, նոր տներ, և առհասարակ Թալիշում ամեն ինչ նոր շունչ է ստանալու»,- նշել է թալիշցի ուսուցիչը և ավելացրել, որ, անկախ հանգամանքներից, իրենք չեն պատրաստվում լքել ու անտեր թողնել իրենց հարազատ բնօրրանը:
Դպրոցի կազմակերպիչ Անահիտ Դանիելյանը օր առաջ Թալիշ վերադառնալու աշակերտների երազանքի մասին է պատմել. «Երեխաները շատ են կարոտում, անգամ պատի թերթ են պատրաստել, որտեղ ծննդավայրում կրկին ապրելու իրենց երազանքներն ու ցանկություններն են գրել: Բայց մեր բոլորի մտահոգությունը մեկն է՝ խաղաղություն լինի: Այսօր Ալաշանում ենք հաստատվել, բայց շատ լավ ենք հասկանում, որ եթե պատերազմ եղավ, մեծ տարբերություն չի լինելու, թե որտեղ ենք ապրում, ամեն տեղ էլ վտանգը նույնն է»:
Հարցին, թե ինքն անձամբ պատրաստվո՞ւմ է Թալիշում կրկին ապրել, արդեն երկու անգամ տեղահանման ցավը ապրած Ա. Դանիելյանը նշել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց եթե մյուսները գնան, ինքը ևս չի վարանելու:
Թալիշում կրկին վերահաստատվելու մասին հարցին թալիշցի բազմազավակ մայր Լուսինե Բրուզյանը նույնպես դեռ մտավախություններ ունի:
«Ամուսինս Թալիշում է ծառայում, իսկ ես հինգ երեխաներիս հետ ապրում եմ այստեղ: Մեր ընտանիքն ամենավերջինն էր լքել գյուղը, և այժմ էլ պատրաստվում ենք առաջին վերադարձողներից լինել, եթե խոստացված համապատասխան պայմանները լինեն: Մենք մեր ապագան տեսնում ենք հայրենի Թալիշում»,- ասել է Բրուզյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հանրապետության իշխանությունները՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, որոշում են կայացրել ամբողջովին վերականգնել Թալիշ գյուղը:
Հարակից հրապարակումներ`
- Հիմնովին վերականգնվում է Արցախի Թալիշ գյուղը. «Արցախպրես»
- Թալիշը վերականգնելու նպատակով հիմնադրամ կբացվի
- Թալիշում Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին հուշարձան է բացվել
- ՄԻՊ. Թալիշցիներից ստացած տեղեկությունները կներկայացվեն մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին
- Բակո Սահակյանը հանդիպել է ապրիլյան պատերազմի հետևանքով իրենց տները լքած թալիշցիների հետ
- Արցախի նախագահը հանդիպել է իրենց տները լքած թալիշցիների հետ
- Արցախի նախագահը հանդիպել է Չարենցավանում ապրող թալիշցիների հետ
- Կան բազմաթիվ թալիշցիներ, ովքեր ուզում են վերադառնալ. Դավիթ Բաբայան
- Թալիշցի երեխաներն արդեն հաճախում են դպրոց
- Թալիշցի 104-ամյա կինը 4-րդ անգամ է պատերազմ տեսնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին