ՀՔԱ-ի զեկույցը ոչ պրոֆեսիոնալ է, որում խաղացել են մարդկանց զգացմունքների վրա. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Դիլիջանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊՆ-ի նախնական գնահատականները ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցի՝ «2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» վերաբերյալ:
Մամուլի խոսնակը նշեց, որ պաշտպանության նախարարությունը այդ զեկույցների մանրամասն ուսումնասիրությունից հետո վերջնական պատասխան կներկայացնի, սակայն նշեց, որ նախնական գնահատականն այն է, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ զեկույցը ոչ պրոֆեսիոնալ է, որում խաղացել են մարդկանց զգացմունքների վրա:
Անդրադառնալով զեկույցում առկա մտահոգություններին, թե տանկերից մեկի մեջ վառելիք չի եղել և այն չի կարողացել մարտական գործողությունների վայր հասնել՝ Ա. Հովհաննիսյանը նշեց, որ նման բան չի կարող լինել:
«Եթե պետք է, ես պատրաստ եմ մասնագիտորեն ապացուցել, թե ինչպես հնարավոր չէ տանկից մինչև վերջ վառելիքը թափել: Դա ֆիզիկապես հնարավոր չէ, որովհետև ինչքան թափես՝ 40-60 լիտր անպայման տակը մնալու է։ Այդ 60 լիտրով տանկը 2 օր կաշխատեր»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զեկույցում ներառված է ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տանկիստներից մեկի ծնողների հետ զրույցը, որում նրանք կասկածներ են հայտնել, թե իրենց է բերվել որդու աճյունը, քանի որ ոստիկանները երեք օր հսկել են դագաղը և թույլ չեն տվել այն բացել: Ըստ նրա մեկնաբանման՝ «ցավոք սրտի, տանկը խոցելու պարագայում անձնակազմի անդամների մարմինները, բնականաբար, չեն կարող ամբողջությամբ պահպանվել և հաճախ ծնողներին են բերում մասունքներ միայն»։
Արծրուն Հովհաննիսյանը մեկ անգամ ևս նշեց, որ զեկույցի վերաբերյալ կլինի ՊՆ պաշտոնական պատասխան՝ լիարժեք ուսումնասիրությունից հետո։