Ռոնալդուին կասկածում են 150 մլն եվրո հարկից խուսափելու մեջ
«Football Leaks» նախագիծն սկսել է հրապարակել իր սկանդալային հետւաքննության արդյունքները։ Հարկ է նշել, որ «Football Leaks»-ը եվրոպական 12 ԶԼՄ-ի համատեղ հետաքննությունն է։ Դրանք ուսումնասիրել են 18,6 մլն փաստաթուղթ, որն ստացել են գերմանական «Der Spiegel»-ից։
Այդ հետաքննության արդյունքները կհրապարակվեն առաջիկա 3 շաբաթվա ընթացքում և կբացահայտեն ֆուտբոլային այն գործիչներին, որոնք խուսափում են հարկեր վճարելուց, կապված են մաֆիայի հետ և զբաղվում են անչափահաս ֆուտբոլիստների տեղափոխությամբ։
Այսպես՝ հետաքննության առաջին արդյունքները խոսում են այն մասին, որ ամենաազդեցիկ գործակալ Ժորժե Մենդեշը կեղծ ընկերությունների ու օֆշորային հաշիվների ցանց է ստեղծել այնպիսի երկրներում, ինչպիսին են Իռլանդիան, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Պանաման ու Շվեյցարիան, որպեսզի օգնի իր ֆուտբոլիստներին՝ թացքնելու եկամուտների իրական չափերն ու խուսափելու հարկերի վճարումից։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Մասնավորապես՝ լրագրողները հաստատում են, որ այդ ցանցի ծառայություններից օգտվում է Մենդեշի ամենահայտնի սանը՝ մադրիդյան «Ռեալի» 31-ամյա հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն։
Իր գործակալի սխեմայի հաշվին Պորտուգալիայի հավաքականի ավագը վերջին 7 տարում հարկայինից թաքցրել է 150 մլն եվրո։
«Football Leaks»-ը նշում է, որ, Ռոնալդուից բացի, Մենդեշի սխեմայից կարող էին օգտվել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ֆուտբոլիստներ Ջեյմս Ռոդրիգեսը, Ռադամել Ֆալկաոն, Պեպեն, Ֆաբիո Կոենտրաոն, Ռիկարդո Կարվալյոն։
Ավելացնենք, որ երեկ Ժորժե Մենդեշին պատկանող «Gestifute» ընկերությունը հայտարարել է, որ ոչ Ռոնալդուն, ոչ էլ իր սաներից ուրիշ որևէ մեկը երբեք ներգրավված չեն եղել հարկային մեքենայությունների մեջ։