Շուկայում բանան նոր ներկրող է հայտնվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե յուրաքանչյուրը կարող է ցանկացած ապրանք ներկրել Հայաստան, պատճառ է դարձել, որ հայաստանյան ընկերություններից մեկը՝ «Արարատ Տրանսը», բանան ներկրի Հայաստան:
Բանանի ներկրումը Հայաստան իրադարձային է համարվում, քանի որ այս շուկայում երկար տարիներ մենաշնորհային դիրք է ունեցել «Քեթրին գրուպ» ընկերությունը: Ավելին, վերջերս Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ տնտեսվարողներից մեկը ՌԴ-ից փորձել է բանան ներկրել, սակայն հանդիպել է խոչընդոտների:
«ՊԵԿ Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը», -տեղեկացրել էին ՊԵԿ-ից:
Այդուհանդերձ, շուկայում հայտնվել է ընկերություն, որը արդեն իսկ գնումը կատարել է, ու 10 տոննա բանանը շուտով կհասնի Հայաստան: Գործարար, մարքետոլոգ Վահրամ Միրաքյանը, որը աշխատում է «Արարատ Տրանսի» հետ, Panorama.am-ին պատմեց, որ քննարկել են իրավիճակը բանանի ներկրման ոլորտում և փորձել են ավելի գործնական լինել:
«Ակտիվ քննարկվում էր մենաշնորհներ վերացնելու հարցը, գերիշխող դիրք, խոչընդոտներ բանանի շուկայում, և մենք որոշեցինք գործնական քայլ անել, որի հետևում, իհարկե, կա ֆինանսական եկամուտ ստանալու նպատակ նաև: Դե դա բնական է, գործարարությամբ ենք զբաղվում», -մեզ հետ զրույցում ասաց Միրաքյանը:
Նրա խոսքով, վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը պատճառ եղավ, որ դիմեն այդ քայլին:
«Մեկը ասում էր շոու է, չի ստացվի, հետո եղավ մյուս ներկրողի հետ դեպքը սկսեցին հայտարարել, որ խանգարելու են ներկրելուն, հետո հայտարարվեց, որ լուծել են այդ խնդիրները: Ու ես իմ վրա պատրաստակամություն վերցրի առաջին ձեռքից տեղեկանալ՝ ոլորտում ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ նորմալ եղավ, կշարունակենք, ու ներկրողների թվերն էլ կմեծանան», -հավելեց Վահրամ Միրաքյանը:
Նա ասաց, որ այս քայլով իրենք ռիսկի են դիմում. «Խոչընդոտների հանդիպելու ռիսկ, ամեն դեպքում, կա: Բայց եթե գնացել ենք այս քայլին, ապա կարծում եմ նման հետևանքների պետք է պատրաստ լինել: Բայց ես հակված եմ կարծելու, որ խոչընդոտ չի լինի»:
Հարակից հրապարակումներ`
- Բանանի շուկայում գները շուրջ 200 դրամով նվազել են, ինչը արդար մրցակցության միջավայրի արդյունքն է. ՊԵԿ
- Բանան ներկրող մի տնտեսվարող խնդիրներ է ունեցել, ինչին միջամտել են ՊԵԿ օպերատիվ մարմինները