«Որ Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի»
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ մշակելու աշխատանքային խումբ, որն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը:
ԿԳՆ հասարակայանության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ խումբը ստեղծելու առիթը վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարականն է. Նոյեմբերի 29-ին ՀՀ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հատկանշելով, թե ինչ ակնկալիքներ կան կրթության բնագավառից, վարչապետը նշել է մի շարք հարցադրումներ, այդ թվում՝ որ Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ օտար լեզուների դասավանդման հայեցակարգի մշակման նպատակով վերոնշյալ խմբի շրջանակներում կձևավորվեն նաև տարբեր լեզուների առանձին աշխատանքային խմբեր` մասնավորապես, անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, գերմաներենի:
Նախարարի խոսքով` պետք է հստակեցնել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը` օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների, չափորոշիչների հստակեցման, օտար լեզվի դասաժամերի հստակ բաշխման, ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխության և այլն:
Ընդգծվել է օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջների հստակեցման և համապատասխան մեթոդաբանության մշակման խնդիրը:
Հիշեցնենք, հատկանշելով, թե ինչ ակնկալիքներ կան կրթության բնագավառից, վարչապետը նշել էր մի շարք հարցադրումներ. «Ո՞նց ենք անելու, որպեսզի Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի, ի՞նչպես ենք նրանց բիզնես դասընթաց տալու, ո՞նց ենք անելու, որ գյուղում երեխան չկտրվի կրթությունից»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան