Ապրիլից հետո Ադրբեջանի իրական նպատակները չեն փոխվել, այլ փոփոխվել են հրապարակային ձևակերպումները. Քաղաքագետ
Ոչինչ չի փոխվել, ուղղակի Ադրբեջանի նախագահը փորձում է «խաղաղասիրական» քողի ներքո մատուցել Ադրբեջանի քաղաքական վերնախավի իրական նկրտումները: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններում նահա՞նջ է նկատվում:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի մերձակա բնակավայրեր կատարած այցի շրջանակներում հայտարարել է, թե այսօր Ադրբեջանը հավակնություններ չունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ, ավելացնելով, որ իր երկիրը «մտադիր չէ ռազմական ճանապարհով վերադարձնել Երևանը, Մեղրին և Գորիսը, սակայն հույս հայտնել, որ ժամանակը կգա և ադրբեջանցիները կվերադառնան իրենց պատմական տարածքներ»:
Ըստ քաղաքագետի, Ադրբեջանի նախագահն այդ հայտարարությամբ անուղղակի կերպով հասկացնում է, որ «միջազգային իրավունք» ասվածը տապալվել է, իսկ իրական աշխարհում հիմնական գործոնը ուժն է:
Աբրահամյանը նկատեց, որ այս ձևակերպմամբ Ադրբեջանի նախագահը բաց տեքստով հայտարարում է, որ միջազգային իրավունքը և առհասարակ, գործընթացի հիմքում դրված իրավական փատաթղթերն իր համար թղթի կտոր են՝ ցույց տալով, որ իրենք հակված են բացառապես ուժային լուծումներին:
«Սա նշանակում է, որ երբ Ադրբեջանում համարեն, թե տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվել է կամ իրենք որևէ գործոնով առավելություն ունեն, ապա իրենց համար խնդրի լուծման նախընտրելի ուղին ռազմական ճանապարհն է:
Երկրորդ, ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահի ելույթի ողջ թեման կառուցված է բուն Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների շուրջ, իսկ դրա տողատակերում պետք է տեսնել Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի իրական ցանկությունները»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Քաղաքագետը հավելեց նաև, որ ապրիլից հետո Ադրբեջանի իրական նպատակները չեն փոխվել, միայն փոփոխվել են այդ նպատակին հասնելուն ուղղված հրապարակային ձևակերպումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան