Ամփոփվել են «Օգնենք Արցախին» արշավի արդյունքները
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը դեկտեմբերի 5-ին այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցել վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր վարչության հաղորդմամբ, այցի նպատակը «Օգնենք Արցախին» արշավի արդյունքների ամփոփումն ու տրամադրված բժշկական սարքավորումների փորձարկումն էր:
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ «Օգնենք Արցախին» արշավի շրջանակում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը համալրվել է շարժական ռեանիմացիոն անվասայլակներով՝ հագեցած ժամանակակից վերակենդանացման սարքավորումներով: Համալրումը թույլ կտա նաև օդային տեղափոխման անհրաժեշտության դեպքում ավելի արագ և արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին և վիրավորներին:
Ծրագրի շրջանակում ՀԲԸՄ-ն ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին է հատկացրել նաև 2 շարժական թվային ռենտգեն սարքեր:
Շնորհակալություն հայտնելով զինծառայողներին անձնվեր ծառայության համար՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը վստահեցրել է, որ թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում բանակը համայն հայության հպարտությունն է ու սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդի իր պարտքն է համարում աջակցել հայկական զինված ուժերին, կանգնել հայ զինվորի թիկունքին: ՀԲԸՄ նախագահը նաև ընդգծել է, որ որպես յուրօրինակ կամուրջ մայր հայրենիքի և սփյուռքի միջև, ՀԲԸՄ-ի բարեգործական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և համատեղ իրականացվող ծրագրերը՝ շեշտելով, որ կառույցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր գործընկերներից մեկը:
ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կատարված հանգանակությունների, անհատ նվիրատուների ներդրումների, ինչպես նաև Կենտրոնական վարչական ժողովի հատուկ հատկացման շնորհիվ հավաքել էր ավելի քան 325.000 ԱՄՆ դոլլար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ու հայկական զինված ուժերին աջակցելու նպատակով: ՀԲԸՄ-ն նաև դրամական աջակցություն է ցուցաբերել պաշտպանական մարտերի ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին և ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը: «Օգնենք Արցախին» նախաձեռնության կարևոր բաղադրիչն էր շտապ օգնության և բժշկական շարժական սարքավորումների ձեռք բերումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին