Յուրի Դոխոյան. «Երբ Կառլսենի օգնականները Նյու Յորքում քնած էին, մենք աշխատում էինք Մոսկվայում»
Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հայազգի մարզիչ Յուրի Դոխոյանը աշխարհի չեմպիոնի մրցամարտի ընթացքում աշխատել է Մոսկվայից և չի մեկնել Նյու Յորք: Նրա խոսքերով` այդպես էին պայմանավորվել: Այս մասին տեղեկացնում է chess-news.ru-ն:
«Մենք հատուկ մարտավարություն էինք ընտրել, որի համաձայն Սերյոժայի օգնականները պետք է աշխատեին շուրջօրյա: Այդ նույն ժամանակ, երբ Մագնուս Կառլսենի օգնականները Նյու Յորքում քնած էին, մենք աշխատում էինք Մոսկվայում: Գաղափարը հիանալի էր, քանզի մենք կարողացանք ճիշտ օգտագործել ժամային տարբերությունը: Ստանում էի առաջադրանքը, կատարում այն, իսկ տղաներն արթնանալուն պես ընդունում էին պատրաստի արդյունքը: Անկեղծ ասած` վերջին ամսվա ընթացքում նստած եմ եղել համակարգչի դիմաց և գրեթե տանից դուրս չեմ եկել:
Ներկա պահին շախմատում պաշտպանությունն ավելի ուժեղ է, քան հարձակումը, և դա փաստ է: Սա ժամանակակից շախմատն է: Որքան էլ տրամաբանական հնչի, իսկապես յուրաքանչյուր շախմատիստ խաղում է այնքան, որքան թույլ է տալիս մրցակիցը: Նույնը տեղի ունեցավ չեմպիոնական մրցամարտում: Եթե Կարյակինն այլ կերպ խաղար, Կարլսենին շատ ավելի հեշտ կլիներ: Դատելով Մագնուսի դեմքից, ով խաղից խաղ ավելի շատ էր տխրում, մեզ դա հաջողվեց»,- նշել է Դոխոյանը: