Հրատարակվել է «Դերենիկ Դեմիրճյանի հարկի ներքո» գիրքը
Գրող, հրապարակող Դերենիկ Դեմիրճյանի (1877-1956 թթ.) ծննդյան 140-ամյա հոբեյանին ընդառաջ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի հետ համատեղ հրատարակել են «Դերենիկ Դեմիրճյանի հարկի ներքո» գիրքը:
Panorama.am-ի հետ զրույցում Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ գրքում հիմնականում ներկայացված են գրականագիտական հոդվածներ, որոնք հնչել են տուն-թանգարանում կազմակերպված միջոցառումների ժամանակ: Գրքում զետեղված են Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի, գրականագետներ Ավիկ Իսահակյանի, Աելիտա Դոլուխանյանի, Մարգարիտ Խաչատրյանի, Սուսաննա Հովհանիսյանի, Անի Փաշայանի, Ռոբերտ Դավթյանի հոդվածները:
Կ. Վարդանյանը նաև նշեց, որ գրքում ներկայացված է Դ. Դեմիրճյանի «Դատողություններ Ղարաբաղի և նախիջևանի հարցի շուրջ» խոհագրությունը:
«Կարծում էինք, թե Դերենիկ Դեմիրճյանից ամեն ինչ հրատարակված է, հատկապես որ 10 հատորով ակադեմիական հրատարակություն կա: Բայց երկու-երեք տարի առաջ իր արխիվը վերանայելիս՝ մենք գտանք անտիպ մի նյութ՝ գրողի խոհերն են Ղարաբաղի, Նախիջևանի հարցի մասին: 1950-ականներին է գրել ինքն իր համար: Այդ հարցը մեր բոլոր մեծերի համար էլ ցավ էր, ժամանակներն այնպիսին էին, որ այդ մասին չէին կարող մտածել, ուր մնաց գրավոր կամ բանավոր հրապարակումներով հանդես գային: Կարող ենք եզրակացնել, որ նույնիսկ այդ թվականներին Իսահակյանը, Դեմիրճյանը, մեր մյուս մեծերն իրենց նեղ շրջանակներում միշտ էլ խորհում էին այդ հարցի շուրջ:
Մեր այն ժամանակվա գիտաշխատողների խիզախության, մասնագիտական պարտքի շնորհիվ պահպանվել են Դեմիրճյանի խոհերը: Ուշագրավ դատողություններ են հատկապես Ղարաբաղի վերաբերյալ, քանի որ Նախիջևանն այդ ժամանակ արդեն հիմնականում հայաթափվել էր, մի քանի գյուղ էր մնացել»,- ասաց թանգարանի տնօրենը:
Նա նշեց, որ երկու տարի առաջ առանձին գրքույկով լույս են ընծայել, սակայն այս անգամ հարկ համարեցին ընդգրկել նոր հրատարակված ժողովածուում:
Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին նվիրված 2017-ին կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: Կ. Վարդանյանն ասաց, որ շուտով կավարտվի Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի հիմնանորոգումը, կնախապատրաստվեն նոր ցուցադրության կազմակերպմանը:
«Հենց պատրաստ լինի ցուցադրությունը՝ հանդիսավոր կբացենք հիմնանորոգված թանգարանը, որտեղ կկազմակերպվեն մի շարք հանդիսություններ: Նաև մեր թանգարանում կլինեն միջոցառումներ՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանին»,- ասաց Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ գրքեր է առաջարկում «Արևիկ»-ը երեխաներին
- Ինչ գրքեր են սպասվում «Զանգակ»-ից
- Ինչ գրքեր են սպասվում «Անտարես»-ից և «Էդիթ Պրինտ»-ից