Ջահանգիրի. Հայաստանն Իրանի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում
«Հայաստանն Իրանի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում, և մենք հարաբերությունների ընդլայնման հարցում որևէ սահմանափակում չենք նախատեսում»,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թեհրանում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպմանն ասել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
Իրանի նախագահի առաջին տեղակալը, անդրադառնալով նախորդ տարի Հայաստան կատարած իր այցին, մասնավորապես ասել է. «Բարեբախտաբար Երևանում ձեռք բերված համաձայնությունների մի մասն ի կատար է ածվել, և պետք է համատեղ հանձնաժողովի շրջանակներում հետևենք, որպեսզի մնացյալ մասն էլ արագորեն իրագործվի»:
«Պարսից Ծոցը Կասպից ծովին կապելու նպատակով համապատասխան ենթակառուցվածքների հիմնումը երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացնելուն ուղղված լավ հնարավորություն է: Իրանն ու Հայաստանը պետք է իրենց աջակցությունը ցուցաբերեն երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման գործընթացին»,-հայտարարել է Էսհաղ Ջահանգիրին:
Հավելենք, որ այսօր Թեհրանում տեղի է ունեցել Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստը: